Անցած 60 տարվա ընթացքում բռնությունների թիվը ֆիլմերում քառապատկվել է. հետազոտություն
ԱՄՆ-ի Օհայո նահանգի համալսարանի գիտական թիմը՝ Բրեդ Բուշմենի գլխավորությամբ, հետազոտություն է անցկացրել, ինչի արդյունքում պարզվել է, որ անցած դարի 50-ական թվականներից ի վեր ամերիկյան ֆիլմերում բռնության ցուցանիշը քառապատկվել է։
Ինչպես հայտնում է РИА-Новости-ն, մասնագետները, ընդհանուր առմամբ, ուսումնասիրել են 915 ֆիլմ, որոնք շատ պահանջված են եղել ԱՄՆ-ում 1950-ից մինչ 2012թթ.։
Նրանք պարզել են, որ 2012թ. 10 ամենահաջողված կինոնկարից 7-ը պատկանել են PG-13 կատեգորիային, որը ենթադրում է, որ մինչև 13 տարեկան երեխաներին այդ ֆիլմերը դիտել թույլատրվում է միայն ծնողների ներկայությամբ։
Միևնույն ժամանակ գիտնականները նկատել են, որ բռնության տեսարաններում զենքի օգտագործումը հոգեբանական ազդեցություն է թողնում դիտողի վրա, քանի որ զենքի առկայությունը ստիպում է մարդկանց ագրեսիվ դառնալ։ Նրանց խոսքերով՝ զենքի առկայությամբ բռնության տեսարանների թիվը ֆիլմերում կտրուկ աճել է հատկապես 2005թ. ի վեր։










