Ջորջ Քլունին քննադատել է գործընկերներին
Հոլիվուդյան հայտնի դերասան Ջորջ Քլունին տվել է իր կյանքի եզակի հարցազրույցներից մեկը, որում իրեն թույլ է տվել ոչ այնքան լավ արտահայտվել դերասանների մասին։ Մասնավորապես, նա խոսել է Ռասել Քրոուի և Լեոնարդո Դի Կապրիոյի մասին, գրում է «Комсомольская правда»-ն։
Esquire ամսագրին տված հարցազրույցում Քլունին «կոտրում» է արդեն երկար տարիներ ձևավորված դերասանի կերպարը՝ որպես բացառապես ոչ կոնֆլիկտային և բարի մարդու, ով երբեք չի ասի ոչ մի վատ բառ իր գործընկերների մասին։
Քլունին, օրինակ, խոսել է Ռասել Քրոուի հետ վեճի մասին։ Վերջինս վիրավորել է Ջորջին՝ անվանելով նրան մեծամիտ, իր մասին շատ մեծ կարծիք ունեցող։ Թեև ժամանակի ընթացքում զղջացել է և նույնիսկ ներողություն խնդրել։
Դերասանը վատ է արտահայտվել նաև Լեոնարդո Դի Կապրիոյի մասին. նա կարծում է, որ Դի Կապրիոն չի կարողանում ընկերներ ընտրել։
Սակայն Քլունին ոչ բոլորին է քննադատել։ Գտնվել են նաև դերասաններ, որոնց մասին նա ջերմությամբ է խոսում։ Առաջին հերթին, դա Բրեդ Փիթն է, ում Քլունին գովել է որպես իրական պրոֆեսիոնալի, ով առանց առարկությունների վերանկարահանել է «Z աշխարհների պատերազմը» ֆիլմի շատ տեսարաններ։










