Նման հաջողություն, ինչպես «Հարի Փոթերի» դեպքում էր, երբեք չեմ ունենա. Ջոան Ռոուլինգ

16:59 • 12.11.13

«Ես կշարունակեմ գրել, սակայն գերազանցել «Հարի Փոթերին» ինձ չի հաջողվի»,- ասել է գրող Ջոան Ռոուլինգը SkyNews-ին տված հարցազրույցում, փոխանցում է «Комсомольская правда»-ն։

 

Հետաքրքրականն այն է, որ նա վստահ էր դրանում դեռևս 2000-ին՝ 3-րդ գիրքը գրելուց հետո։ Երիտասարդ հրաշագործ Հարի Փոթերի և նրա ընկերների մասին 7 գրքից բաղկացած սերիան հրատարակվել է կես մլրդ օրինակով և հեղինակին բերել մոտ մեկուկես մլրդ դոլար։ Զարմանալի չէ, որ նա հաջողության կրկնության հույս չունի։

 

Ջոանը, ով ապրում է Էդինբուրգում ամուսնու և 3 երեխաների հետ, պատմել է, որ անասելի հաջողությունից հետո, որի հույսը երբեք չես ունենում, մարդու առաջ երկու ընտրություն է լինում։ Կարելի է քարանալ, ինչպես մարմարե արձան։ Կամ կարելի է վերաբերվել դրան որպես հրաշքի, որն ուժ է տալիս նոր արարումների համար։

 

Ռոուլինգն ընտրել է 2-րդը։ Նա չի պատրաստվում նստել անգործ։ Հեղինակն ապացուցել է դա՝ ապրիլին հրատարակելով դետեկտիվ ժանրի վեպ՝ Ռոբերտ Գելբրայթ կեղծանունով։ Հեղինակի անվան բացահայտումից հետո գրքի վաճառքները զգալի ավելացել են։