Մեծամորում մ. թ. ա. 1-ին հազարամյակին վերաբերող հնավայր են հայտնաբերել

12:58 • 12.11.13

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտական գծով տնօրենի տեղակալ, պատմական գիտությունների դոկտոր Աշոտ Փիլիպոսյանն այսօր կայացած ասուլիսին հայտնեց, որ հայ-լեհական արշավախումբը Մեծամորում ու Զորաց քարերում (Քարահունջ) պեղումներ է իրականացրել ու մ. թ. ա. 1-ին հազարամյակին վերաբերող մինչ այժմ անհայտ հնավայրեր է բացահայտել:


«2006 թվականից Մեծամոր հնավայրը չէր պեղվել։ Միանշանակ կարելի է ասել, որ քաղաքի միջնաբերդի տարածքը գոյատևել է մինչև ուշ միջնադար»,- ասաց նա:


Վերջինիս խոսքով՝ այդ պեղումները թույլ են տալիս ասել, որ գործ ունեն սոցիալական ոչ ցածր խավի բնակավայրի հետ, ինչը ենթադրում է, որ այն քաղաք է եղել: «Հուշարձանն իսկապես հետաքրքիր է, մենք մի մասն ենք պեղել»,- նշեց նա՝ հավելելով, որ լեհական կողմը շատ գոհ էր աշխատանքներից, և նրանք մյուս տարի երեք անգամ կմեծացնեն իրենց մասնակցությունը:


Աշոտ Փիլիպոսյանը նաև տեղեկացրեց, որ իրենք ուսումնասիրություն են կատարել Զորաց քարերում: Այնտեղ պեղումներ իրականացվելու են, սակայն նախնական արդյունքներով՝ այնտեղ կա մեկ համալիրի մեջ երկու տիպի կառույցներ՝ բնակավայր և դամբարան: Եվ այնտեղ դեռևս 1930-ական թվականներին դամբարան է բացվել:



 

Մեծամորում մ. թ. ա. 1-ին հազարամյակին վերաբերող հնավայր են հայտնաբերել