Գիտնականներն էլեկտրոնային անտեսանելի թիկնոց են ստեղծել

00:26 • 13.11.13

Ամերիկացի գիտնականների խումբն ստեղծել է «լայնաշերտ անտեսանելի թիկնոց»՝ ծածկույթի նոր տեսակ, որը թույլ է տալիս առարկաներն անտեսանելի դարձնել հաճախականության լայն սպեկտրի շնորհիվ:


Ինչպես ներկայացնում է Russia Today-ը՝ BBC-ին հղումով, մինչ այժմ այս ոլորտում գրանցված զարգացումների շնորհիվ հաջողվել էր այն կիրառել միայն որոշակի հաճախականության տիրույթում, այսինքն՝ տեսանելիության դիապազոնի որոշ հատվածներում: Այլ հաճախականություններում այս «անտեսանելի թիկնորցներն» առարկաներն ավելի տեսանելի էին դարձնում, ինչպես նշում են ֆիզիկոսները:


Ինչպես հաղորդում է BBC-ն՝ ամերիկացի գիտնականները գտել են խնդրի լուծումը՝ ուլտրաբարակ էլեկտրոնային թիկնոց ստեղծելով:


«Եթե ցանկանում եք որևէ առարկա թափանցիկ տեսնել բոլոր անկյուններից նայելիս, ապա այս տարբերակը հիանալի լուծում է: Մենք քննարկում ենք գործնականում դրա կիրառման հնարավորությունը, սակայն ուսումնասիրությունները դեռևս նախնական փուլում են», - նշել է Տեխասի համալսարանի պրոֆեսոր Անդրեա Ալուն:

 

Թեև արտաքնապես թիկնոցն այնքան էլ նման չէ Հարի Փոթերի հեքիաթային թիկնոցին կամ Անտեսանելի մարդուն, ծածկույթի սկզբունքը գրեթե նույնն է:  Սարքավորման առաջին աշխատանքային մոդելը, որն ընդունակ էր թաքցնել պղնձե գլանը միկրոալիքային ճառագայթումից՝ ստիպելով ալիքներին պտտվել առարկայի շուրջը, ստեղծվել է 2006-ին:
 

Գիտնականներն էլեկտրոնային անտեսանելի թիկնոց են ստեղծել