Գերմանիայում ընտրել են տարվա լավագույն ավտոմեքենաները
Գերմանիայում ամփոփվել են «Ոսկե ղեկ» ամենամյա մրցույթի արդյունքները, որն անցկացնում են գերմանական հեղինակավոր Bild am Sonntag և Auto Bild պարբերականները, գրում է autonews.ru-ն։
Յոթ անվանակարգերում տարվա լավագույն մեքենաներն ընտրել է պարբերականների խմբագիրներից, դիզայներներից, ավտոմրցարշավորդներից և ինժեներներից կազմված ժյուրին։
Ներկայացված 40 ավտոմեքենաներից յուրաքանչյուրը դիտարկվել է 7 չափանիշներով, որոնք ժյուրին գնահատել է 8-բալանոց համակարգով։
«Լավագույն փոքր և հարմարավետ մեքենա» է ճանաչվել Volkswagen Golf-ը։ «Միջին դասը» գլխավորել է Audi A3 ավտոմեքենան, «ներկայանալի և լյուքս դասի» ավտոմեքենաների ցուցակը գլխավորել է նոր Mercedes-Benz S-դասի ավտոմեքենան։
SUV անվանակարգում «Ոսկե ղեկին» է արժանացել BMW X5 ավտոմեքենան։ Լավագույն կաբրիոլետ է ժյուրին ճանաչել Jaguar F-Type-ը, իսկ տարվա մինիվեն է դարձել Citroen C4 Picasso-ն։ Հատուկ մրցանակ լավագույն էկոլոգիական ավտոմեքենայի համար ստացել է BMW i3 մոդելը։
Մրցույթի շրջանակում հանձնվել է 2 հատուկ մրցանակ. տարվա լավագույն գովազդային արշավի համար՝ «Der Golf. Das Auto» Volkswagen ընկերությանը, իսկ ավտոմոբիլային լավագույն դիզայնի կոչումը ստացել է Kia ընկերության նախագահ Փեթեր Շրայերը։










