«Մումիյ Տրոլլ» խումբը դադարեցնում է իր գործունեությունը
Ռուսական հայտնի «Մումիյ Տրոլլ» խմբի առաջատար Իլյա Լագուտենկոն ակնարկել է, որ 2013 թվականի դեկտեմբերին նախատեսված համերգները խմբի պատմության մեջ վերջինը կլինեն, հաղորդում է novayagazeta.ru-ն:
«Դեկտեմբերի համերգներով մենք ավարտում ենք «Մումիյ Տրոլլի» համերգային շրջագայությունների 16-ամյա պատմությունը, որը դուք արդեն այդքան լավ գիտեք: Երբ դու 16 տարեկան ես, ավարտում ես դպրոցը, արդեն անձնագիր ստանալու և բուհ ընդունվելու ժամանակն է: Ես համոզված եմ, որ երաժշտական օվկիանոսներով իմ լողը դեռևս չի ավարտվում: Բայց արդեն, հավանաբար, ուրիշ նավի վրա»,- հաղորդվում է խմբի պաշտոնական կայքում՝ Լագուտենկոյի անունից:
Մինչև տարեվերջ խումբը, Մոսկվայի համերգից բացի, կայցելի նաև Ուկրաինայի չորս քաղաք և Սանկտ Պետերբուրգ, որտեղ էլ տեղի կունենա, հավանաբար, խմբի վերջին համերգը:










