Անջելինա Ջոլին պատվո «Օսկար» կստանա
Ամերիկացի դերասանուհի Անջելինա Ջոլին պատվավոր «Օսկար» մրցանակ կստանա Ամերիկյան կինոակադեմիայի կողմից, հայտնում է Associated Press-ը:
Դա տեղի կունենա շաբաթ օրը հատուկ փակ երեկույթի ժամանակ, որին կմասնակցեն միայն շոու բիզնեսի էլիտայի ներկայացուցիչները, ինչպիսիք են՝ Էնթոնի Հոփքինսը, Թոմ Հենքսը և այլք:
Ջոլիից բացի, նման մրցանակի կարժանանան իր գործընկերներ Սթիվ Մարտինը, Էյնջելա Լենսբարին և իտալացի դիզայներ Պիեռո Տոսին:
Փորձագետները սա անվանում են «Օսկարի» սեզոնի մեկնարկ:
38-ամյա Ջոլին ասել է, որ ինքը միանգամայն զարմացած է որոշումից: Նրա մրցանակը կրում է Ջին Հերշոլթի մարդասիրության պարգև անվանումը: Նախկինում դրան են արժանացել Էլիզաբեթ Թեյլորը, Փոլ Նյումանը և այլք:
Ներկայում Ավստրալիայում ֆիլմ նկարահանող Ջոլին ասել է, որ իր համար պատիվ է աշխատել հանուն մարդկանց իրավունքների:
Ջոլին իրական «Օսկար» էր ստացել 2000-ին` «Աղջիկը, որին ընդհատեցին» ֆիլմում իր դերակատարման համար:










