Լեհ ուսանողին կդատեն խորհրդային «բռնաբարող» զինվորի քանդակը տեղադրելու համար

16:19 • 15.11.13

Լեհական Գդանսկ քաղաքի Բարձր արվեստների ակադեմիայի ուսանողի դեմ մեղադրանքներ են ներկայացվել, քանի որ վերջինս մոտ 1 ամիս առաջ քաղաքի կենտրոնում տեղադրել է իր ստեղծած վիճահարույց քանդակը, որը պատկերում է հղի կնոջն ատրճանակի սպառնալիքով բռնաբարող խորհրդային զինվորի։

 

Ինչպես հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը, 26-ամյա Յեժի Բոգդան Շումչիկը մեղավոր ճանաչվելու դեպքում կարող է ազատազրկվել, ինչպես նաև մոտ 500 դոլարի չափով տուգանվել։

 

Կես տոննա կշռող քանդակը, որը կոչվում է Komm, Frau («Կի՛ն, մո՛տ արի»), Շումչիկը տեղադրել է Գդանսկի կենտրոնում հոկտեմբերի 12-ի գիշերը, խորհրդային զինվորներին նվիրված հուշարձանի կողքին։

 

Սկանդալային քանդակն այդտեղ է մնացել ընդամենը մի քանի ժամ. զայրացած բնակչուհիներից մեկի զանգից հետո, իրավապահներն այն հեռացրել են։

 

Շումչիկն ասել է, որ «ամենևին էլ չէր ցանկանում ագրեսիա առաջացնել, այլ միայն մտադիր էր ճշմարտությունը պատմել»։


«Ես ցանկանում էի պատմել ողջ ճշմարտությունը բռնաբարված, անմեղ կանանց մասին։ Ոչ մի կերպ չեմ կարողանում համակերպվել այն փաստի հետ, որ խորհրդային զինվորները բռնաբարում էին կանանց »,-ասել է ուսանողը՝ մանրամասնելով, որ նպատակ է ունեցել քանդակը տանել Բեռլին ու տեղադրել Բրանդենբուրգյան դարպասների մոտ։

 

Գդանսկի միջադեպը լուրջ քննադատվել է ռուսական դեսպանատան կողմից։