ՆԱՍԱ-ի անիմացիոն տեսանյութը բացահայտում է, թե ինչ տեսք է ունեցել Մարսը 4 մլրդ տարի առաջ (լուսանկարներ, տեսանյութ)

00:17 • 15.11.13

Կարմիր մոլորակը 4 մլրդ տարի առաջ լիովին ուրիշ աշխարհ է եղել. այն ունեցել է կապույտ երկինք, սպիտակ ամպեր և հոսող ջուր: ՆԱՍԱ-ի լուսանկարների ուսումնասիրմամբ  լաբորատորիայի ներկայացրած տեսանյութը բացահայտում է, թե ինչպես է Երկրին այդքան նման մակերես ունեցող Մարսը վերածվել ամայի լեռնազանգվածի:


Ինչպես հաղորդում է Business Insider-ը՝ ՆԱՍԱ-ի թողարկած անիմացիոն տեսանյութը համընկնում է ՆԱՍԱ-ի MAVEN առաքելության՝ տիեզերք արձակման հետ, որը պետք է ուսումնասիրի մոլորակի մթնոլորտի անհետացման պատճառները: Նախատեսվում է, որ MAVEN մարսիական զոնդը Կարմիր մոլորակ կհասնի 2014-ի սեպտեմբերին:


Գիտնականների համար դեռևս հանելուկային է այն հարցը, թե ինչու է Մարսը զրկվել իր մթնոլորտից շուրջ 3.7 մլրդ տարի առաջ:
ՆԱՍԱ-ի տիեզերական թռիչքների ուսումնասիրման կենտրոնի գիտնական Ջոզեֆ Գրեբովսկիի վարկածի համաձայն՝ մոլորակի օդի շերտերը արտամղվել են դեպի տիեզերք, երբ մոլորակը կորցրել է իր մագնիսական դաշտը, որը պաշտպանում էր մթնոլորտն արևային քամուց: Ներկայիս ցածր ջերմաստիճանն ու բարակ մթնոլորտային շերտը նշանակում է, որ ջուրը մոլորակի վրա կարող է առկա լինել միայն՝ սառույցի կամ՝գազային գոլորշու տեսքով:

 

 

ՆԱՍԱ-ի անիմացիոն տեսանյութը բացահայտում է, թե ինչ տեսք է ունեցել Մարսը 4 մլրդ տարի առաջ (լուսանկարներ, տեսանյութ)