CanSAR. գործարկվել է քաղցկեղի վերաբերյալ աշխարհում ամենախոշոր տվյալների բազան

15:48 • 18.11.13

Լոնդոնի Քաղցկեղի հետազոտման ինստիտուտի (Institute of Cancer Research) մասնագետները մշակել են յուրահատուկ ինտերնետ - ռեսուրս, որն իրենից ներկայացնում է քաղցկեղային հիվանդությունների վերաբերյալ աշխարհում ամենամեծ տվյալների բազան՝ CanSAR, գրում է Вести-ն։

 

Ռեսուրսը կոչված է օգնելու մասնագետներին քաղցկեղային հիվանդությունների բուժման հարցում։ Այն պարունակում է 1.7 մլրդ փորձարարական տվյալներ կենսաբանության, քիմիայի, դեղագործության, կառուցվածքային կենսաբանության, բջջային հյուսվածքների և ամենատարբեր կլինիկական հետազոտությունների վերաբերյալ։

 

Համակարգը կարող է վերլուծել տվյալների հսկայական ծավալներ, որոնք կուտակվել են վերջին տասնամյակների ընթացքում, և կօգնի օպերատիվորեն գտնել ամբողջական տեղեկություն կոնկրետ խնդրի լուծման համար։

 

Օրինակ՝ CanSAR-ը կարող է միավորել բոլոր տվյալները գիտնականին հետաքրքրող գենի մասին, ներառյալ տեղեկությունն այն նյութերի մասին, որոնք կարող են ազդեցություն ունենալ այդ գենի վրա, ինչպես նաև տեղեկություններ առողջ հյուսվածքներում նրա ակտիվության վերաբերյալ։ Ծրագրի օգնությամբ հնարավոր կլինի ընտրել գեներ, որոնք նախկինում չեն կիրառվել որպես թիրախ, սակայն ունեն համապատասխան պոտենցիալ։

 

Թիմի ղեկավար բժիշկ Բիսան ալ Լազիկանին վստահ է, որ այն հնարավորությունները, որոնք գիտնականների առաջ բացում է CanSAR-ը, թույլ է տալիս նրանց բոլոր ջանքերը կենտրոնացնել հետազոտության նպատակի վրա և հասնել դրան ավելի կարճ ժամկետներում, քան նախկինում էր։
 

CanSAR. գործարկվել է քաղցկեղի վերաբերյալ աշխարհում ամենախոշոր տվյալների բազան