«Մանգալյան» հնդկական արբանյակը դուրս է եկել ուղեծիր
Հնդկական արտադրության «Մանգալյան» արբանյակը դեպի Մարս թռչելուց առաջ ուղեծրի վերջին շտկումն է իրականացրել, հայտնում է Лента-ն՝ մանրամասնելով, որ ուղեծրի բարձրությունը նոյեմբերի 16-ի դրությամբ բարձրացվել է մինչև 192874 կմ-ի։
Արբանյակի շարժիչներն աշխատել են 243.5 վայրկյան, ինչի արդյունքում «Մանգալյանի» արագությունն ավելացել է, և այն ուղեծիր է դուրս եկել։ Ենթադրվում է, որ արբանյակն ուղեծրում կմնա մինչ նոյեմբերի 30-ը։
Հնդիկ մասնագետները կանխատեսել են, որ արբանյակը 6 հաջորդաբար միացվող շարժիչների շնորհիվ փուլ առ փուլ ավելացնելու է ուղեծրի բարձրությունը։ Թեև նոյեմբերի 11-ին ուղեծրի թվով 4-րդ շտկումն անհաջող է անցել, այնուհանդերձ դրան հաջորդող փորձը հաջողվել է։ Տիեզերական մյուս գործողությունը կիրականացվի նոյեմբերի 30-ին, երբ «Մանգալյանը» դուրս կգա դեպի Կարմիր մոլորակ թռչելու հետագծի վրա։
Ենթադրվում է, որ «Մանգալյան» արբանյակը, որը հնդկական արտադրության առաջին մարսիական նախագիծն է, Կարմիր մոլորակ կհասնի 10 ամսից։ Դրանից հետո այն պետք է ուսումնասիրի Մարսի մթնոլորտում ջրածնի իզոտոպների հարաբերակցությունը։ Այդ տվյալների միջոցով մասնագետները կկարողանան գնահատել Մարսի վրա ջրային գոլորշու անհետացման արագությունը։










