Հին հայկական աստղադիտարանի իրական անվանումը Քարահունջ է, ոչ թե Զորաց քարեր, և այն շուրջ 14 հազ. տարեկան է. մաթեմատիկոս

15:43 • 18.11.13

Թեև մաթեմատիկոս, կենսաբանական գիտությունների թեկնածու, Սլավոնական համալսարանի դասախոս Վաչագան Վահրադյանը Քարահունջի կառույցի անվանումը, տարիքը և նշանակությունը այսօր լրագրողների հետ հանդիպմանը առեղծվածային համարեց ու նշեց, որ այս հարցում գիտնականները միանշանակ կարծիք չունեն, սակայն ընդգծեց, որ իր հաշվարկներով այն մոտ 14 հազար տարեկան է, որի իրական անվանումը Քարահունջ է կամ Քարափունջ, ու այն ծառայել է աստղագիտական հետազոտությունների համար:


Գիտնականն ընդգծեց, որ անվան ճշգրտումը խիստ կարևոր է նախ գիտական ճշմարտությունը բացահայտելու համար, իսկ հետո նաև քաղաքական շահարկումներից կառույցը զերծ պահելու համար:


«Կառույցի առաջին անվանմանը գիտական գրականության մեջ հանդիպում ենք այսպես՝ Ղոշունդաշ: Բայց սա ոչ թե թուրքական անվանում է, այլ՝ թուրքացված: Բոլոր այն խոսակցությունները, թե կառույցը կոչվել է Զորաց քարեր սուտ է, քանի որ ոչ մի գրավոր արձանագրություն չկա դրա մասին: Դա ուղղակի թարգմանությունն է Ղոշունդաշի: Բայց ղոշուն նշանակում է ոչ թե զորք, այլ շարք: Իսկ հայկական մի շարք բարբառներում այն օգտագործվել է որպես խումբ: Այսինքն՝ այն պետք է անվանել քարերի խումբ, բայց խումբ բառը մի քիչ տեղին չէ, կարելի է ասել քարերի փունջ կամ հենց քարահունջ»,- ասաց նա:


Վաչագան Վահրադյանն ընդգծեց, որ պատմաբան Ստեփանոս Օրբելյանը հիշատակում Եվայլախ գավառում գտնվող Քարունջ գյուղի մասին, ինչը վկայում է, որ գյուղն իր անունը ստացել է քարահունջ կառույցից:


Ինչ վերաբերում է կառույցի նշանակությանը, ապա գիտնականը նշեց, որ թեև հնագետները ջանք չեն խնայում համոզելու, որ այն դամբարանային դաշտ է եղել և քարերի անցքերը արված են եղել կամ ձիերին կապելու համար, կամ քարեր բարձրացնելու համար, սակայն գիտնականները գիտականորեն ապացուցում են, որ այն աստղադիտարան է եղել:


«Հնագետ Օնիկ Խնկիկյանը 1983-ին ուսումնասիրություն արեց ու վարկած բերեց, որ անցքերը դիտակ են աստղերն ուսումնասիրելու համար: Հետագայում Էլմա Պարսամյանն է ցույց տվել այն քարերը, որոնց միջոցով կարելի է ճշգրտել երկրի կողմերը: Ես ուսումնասիրություններ կատարելով պարզել եմ, որ կառույցի ճարտարապետությունը, շարվածքը արտացոլում է Կարապի համաստեղծությունը: Սա ևս խոսում է նրա աստղագիտական նշանակության մասին»,- ասաց նա:


Ինչ վերաբերում է կառույցի տարիքին, ապա մաթեմատիկոսը նշեց, որ ըստ Խնկիկյանի, այն 4000 տարեկան է, քանի որ ճիշտ այդքան է տարածքից գտնված գտածոների տարիքը:


«Դա չի կարող կառույցի տարիքն արտացոլել: Պարիս Հերունին փորձում էր գտնել այդ կառույցի տարիքը, միջինացնելով բոլոր անցքերի դիտարկումները: Ըստ այդ հաշվարկների՝ կառույցը 7 500 տարի առաջ գործում էր: Բայց ես հարցրի նրան արդյոք դա կառույցի տարի՞քն է, թե՞ բացված անցքերը: Նա ասաց, որ հնարավոր է կառույցը ավելի հին լինի՝ մոտ 15 հազար տարեկան: Ես սեփական հաշվարկներ եմ արել: Կառույցի ճարտարապետությունը նման լինելով Կարապի համաստեղությանը փաստում է, որ կառույցը առնվազն 14 հազար տարեկան է»,- ասաց նա:


Վաչագան Վահրադյանը նաև նշեց, որ Հայաստանում հայտնի է, որ գոյություն են ունեցել 4 քարահունջեր և ինքը վերջերս գտել է ևս մեկը՝ Լոռիում, որի տեղը չցանկացավ ասել:


«Կարծում եմ, որ ևս մեկը պետք է լինի Ղարաբաղում՝ Քարահունջ գյուղում: Մյուս տարի ֆինանսներ գտնելուց հետո, պետք է փորձեմ արշավախումբ կազմակերպել ու գտնել այդ քարահունջը»,- ասաց նա;

 

 

Հին հայկական աստղադիտարանի իրական անվանումը Քարահունջ է, ոչ թե Զորաց քարեր, և այն շուրջ 14 հազ. տարեկան է. մաթեմատիկոս