Հայտնաբերվել է ինտերնետ-ռեսուրս, որտեղ դրամահավաք է իրականացվում` հայտնի քաղաքական գործիչներին սպանելու նպատակով

13:52 • 19.11.13

Forbes հանդեսը հայտնել է, որ ինտերնետում հայտնվել է ռեսուրս, որի օգտատերերը գումարներ են հավաքում հայտնի քաղաքական գործիչների սպանությունները պատվիրելու համար, փոխանցում է lenta.ru-ն։

 

Ռեսուրսը կոչվում է Assassination Market («Սպանությունների շուկա»): Այստեղ յուրաքանչյուր օգտատեր կարող է դրամ նվիրաբերել այս կամ այն մարդու սպանության համար: Եթե սպանությունը կատարվի, կատարողը կստանա հավաքված ամբողջ գումարը: Վճարումը կատարվում է բիթքոինների` անանուն էլեկտրոնային արժույթի միջոցով:

Կայքը մատչելի է միայն Tor անանուն ցանցի միջոցով:

 

Assassination Market-ը գործում է արդեն 4 ամիս: Այս ընթացքում կայքում մի քանի «պատվեր» է տեղադրվել: Դրանց թվում են ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության պետ Քիթ Ալեքսանդրը, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման:

 

Սակայն ամենից շատ գումար «հավաքել» է ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգի ղեկավար Բեն Բերնանկեն, որը համարվում է բիթքոինների դեմ հանդես եկող գլխավոր գործիչը: Նրա գլխի համար տրամադրվել է 124 բիթքոին (մոտ 85 հազար ԱՄՆ դոլար):

Կայքի ենթադրյալ հիմնադիրը Forbes-ին հայտնել է, որ ապագայում իրենք ավելի շատ սպանություններ են իրագործելու, որպեսզի «բոլորին ստիպեն վախենալ որևէ պետական պաշտոն զբաղեցնել»:

 

Կուվաբատակե Սանձյուրո սամուրայական անունով (Կուրոսավայի «Թիկնապահը» ֆիլմի հերոսի անունով) հանդես եկած անձն ասել է, որ ի վերջո իրենք վերացնելու են աշխարհի բոլոր կառավարությունները, և դրանից աշխարհն ավելի լավն է դառնալու:
 

Հայտնաբերվել է ինտերնետ-ռեսուրս, որտեղ դրամահավաք է իրականացվում` հայտնի քաղաքական գործիչներին սպանելու նպատակով