Բիլ Գեյթսն աշխարհի փրկության մասին հոդված է գրել
Microsoft ընկերության համահիմնադիր և խոշորագույն բարեգործական հիմնադրամի ղեկավար Բիլ Գեյթսը Wired ամսագրում հոդված է գրել աշխարհի փրկության մասին, գրում է pravda.ru-ն։
Հոդվածին նախորդում է բնաբանը, որում ասվում է՝ յուրաքանչյուր կյանք արժեք ունի և որ նորարարությունները լուսավոր ապագայի բանալին են։ Բնաբանի ներքևում տեղադրված է Գեյթսի լուսանկարը և ձեռագիր գրված է «I believe» («Ես հավատում եմ»)։
Գեյթսը սկսում է իր հոդվածը խոստովանությամբ այն մասին, որ ինքը մեծ ուշադրություն է դարձնում պարարտանյութերին։ Այնուհետ հեղինակը բացատրում է, որ նման երևույթն արդարացված է։ «Երկրի բնակչության 2/5-ն իր կյանքով պարտական է ավելի հարուստ բերքին, որոնք հնարավոր է եղել ստանալ պարարտանյութերի շնորհիվ»,- բացատրում է Գեյթսը։
Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը գրում է, որ շատ ժամանակ է ծախսում նորարարությունների առաջխաղացման համար, որոնք լավացնում են առօրյա կյանքը։
Իր հոդվածում Գեյթսը գրել է նաև Սիրիայի քաղաքացիական պատերազմի մասին՝ նշելով, որ մինչ ինքը գրում է «այս բառերը», հարյուրավոր մարդիկ զոհվում են այդ երկրում։
Նա նաև նշել է, որ «գլոբալ խնդիրները, ինչպես, օրինակ, կլիմայի փոփոխությունը, դեռևս չունեն պարզ լուծումներ»։ Սակայն, միևնույն ժամանակ, Գեյթսն ընդգծում է, որ առաջընթացի բոլոր ցուցանիշներով մենք ապրում ենք պատմության լավագույն ժամանակաշրջանում՝ ակնարկելով, որ չի կարելի դրանից չօգտվել։










