Yahoo!-ն խոստացել է օգտատերերին կոդավորել բոլոր տվյալները

13:19 • 19.11.13

Yahoo! ընկերությունը լրացուցիչ միջոցներ է ձեռնարկում իր օգտատերերի անձնական տվյալները պաշտպանելու համար, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով ընկերության պաշտոնական հաղորդագրությանը:

 

Ինչպես հայտնել է ընկերության գլխավոր տնօրեն Մարիսա Մայերը, 2014 թվականի առաջին եռամսյակի ավարտին բացարձակ բոլոր տվյալները, որոնք փոխանցվում են ընկերության data center-ների միջով, կպաշտպանվեն SSL արձանագրությամբ: Բացի այդ, Yahoo!-ի փոստն օգտագործող օգտատերերին հնարավորություն կտրվի օգտագործել այդ արձանագրությունն այլ ընկերությունների փոստային սերվերներ ուղարկված իրենց էլեկտրոնային նամակները պաշտպանելու համար:

 

Ներկայում Yahoo!-ն արդեն օգտագործում է SSL՝ էլեկտրոնային փոստի իր ծառայությունից օգտվողների միջև էլեկտրոնային նամակագրությունը պաշտպանելու համար: Այդ պաշտպանությունը տեղադրվել է այն բանից հետո, երբ հոկտեմբերի վերջին ԶԼՄ-ներում տեղեկություն հայտնվեց, որ ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունը կարողացել է հետևել ողջ աշխարհով Yahoo!-ի data center-ները կապող ուղիներին:

Yahoo!-ն խոստացել է օգտատերերին կոդավորել բոլոր տվյալները