Հին Եգիպտոսում զմռսել են ոչ միայն փարավոններին, այլև ուտելիքը
Հին Եգիպտոսում զմռսել են ոչ միայն փարավոնների մարմինները, այլև սնունդը, հայտնում է «Ռոսիյսկայա գազետա»-ն:
Նման եզրակացության են եկել Բրիսթոլի համալսարանի գիտնականներ Քեթրին Քլարքը և Ռիչարդ Էվերշեդը և Կահիրեի Ամերիկյան համալսարանից Սալիմա Իքրամը: Ավելին` ըստ նրանց՝ սննդի զմռսման գործընթացն ավելի բարդ է եղել, քան մարդկանց մարմիններինը:
Եգիպտոսում հայտնաբերված մսի և թռչնամսի մնացորդներով անոթները թվագրվում են մ.թ.ա 3300-ից մինչև մ.թ. 4-րդ դար, սակայն նախկինում այդ սնունդը լուրջ ուսումնասիրության չի ենթարկվել:
Պարզվել է, որ սնունդը զմռսված է մեղվամոմով, կենդանական ճարպով, բուսայուղերով, ձյութով և այլ նյութերով, որոնք հիմնականում նման են այն զմուռսին, որով պատվել են մարդկանց մարմինները: Ուսումնասիրված նմուշների թվում են Թութանհամոն փարավոնի նախատատ և նախապապ Յույայի և Տյուվուի դամբարաններից գտնված նմուշները:










