Մնում է` ՀՀ-ի բոլոր բուհերը Երևանում մի տեղ տեղավորեն, պրծնեն. գյումրեցիները գիտեն՝ Արմեն Աշոտյանն իրենց համոզելու է գնում
Գյումրիում տեղեկացել են, որ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը պատրաստվում է նոյեմբերի 22-ին գնալ Գյումրի և քննարկել բուհերի միավորման մասին Կառավարության նախագիծը, ըստ որի՝ նախատեսված է միավորել Երևանի կինոյի ու թատրոնի պետական ինստիտուտի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղերը։
Նշենք, որ միավորման դեպքում դադարեցվում է նրանց գործունեությունը՝ դրանք փոխարինելով մեկ այլ կառույցով` Գյումրու արվեստի պետական ակադեմիայով:
«Այս երեք բուհերը մեր քաղաքում մասնաճյուղեր ունեն, որոնք տեղավորված են Լորիս Ճգնավորյանի քայլարշավի ժամանակ հանգանակված գումարներով վերականգնված շենքում, որը ժողովուրդն ակադեմիա է կոչում։ Դրանք տարբեր բուհեր են, յուրաքանչյուրը մի հարկում է տեղավորված, և արդեն մի քանի շաբաթ է՝ խոսակցություններ կան, որ դրանք միավորվելու են մեկի մեջ, իսկ տեղի դասախոսներն ու ուսանողներն ընդվզում են։ Հիմա խոսակցություներ են գնում, որ ուրբաթ օրը Աշոտյանը գալու է՝ համոզի, տեսնենք՝ ինչ է լինելու»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց Գյումրի քաղաքի ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը։
Նա հիշեցրեց, որ միավորման նախագծում միայն Գյումրիի բուհերը չեն, այլ նաև՝ Վանաձորինը, որտեղ նույնպես բողոքի ալիք է բարձրացել։
Լևոն Բարսեղյանը հստակ չի կարող ասել նման որոշման պատճառը և ինչ-որ տեղ՝ համակարծիք է, որ բուհերում ուսանողները քիչ են, և պետությունն ավելորդ ծախս է անում:
«Հարցին խորությամբ ծանոթ չեմ, բայց ակնհայտ է, որ ո´չ միայն այդ, այլ նաև՝ շատ բուհերում պետական պատվերն ուռճացված է, պետական միջոցներով պատրաստվում են մասնագետներ, որոնք գործ չեն գտնում և չեն գտնելու, բայց պետությունը ծախսի առաջ է կանգնած։ Բացի այդ՝ ունենք բնակչության թվաքանակի լուրջ անկում՝ արտագաղթ և ծնելիության անկում, և այդ ամենը բերում է տնտեսության, հասարական կառույցների թուլացման»,-նշեց նա՝ հավելելով. «Մյուս կողմից էլ՝ ի՞նչ է, բոլոր բուհերը պետք է տանեն Երևա՞ն»:
Գյումրու ավագանու անդամը չի էլ բացառում, որ կգտնվեն մարդիկ, ովքեր բուհերի դատարակ շենքի վրա էլ աչք կունենան։ «Որպես կանոն՝ ժամանակը դա է ցույց տալիս, ազատ շենքերը հո դատարկ չե՞ն մնալու, կգտնվեն օլիգարխներ, ովքեր այդ շենքերին տեր կկանգնեն»,-ասաց նա, սակայն հիշեց, որ Գյումրիում իշխանությունը մեկ-երկու հիվանադանոցի շենք դատարկ է պահում ։
«Մեծ առողջապահական կենտրոնը գործարկելուց հետո հիվանդանոցներն այդ կենտրոն տեղափոխեցին, հիմա Գյուլբենկյանի անվան հիվանդանոցը դատարկ է: Մի կես տարի առաջ ավագանին ուղերձով դիմեց Կառավարությանը, որ շենքը կամ շենքի մի մասը հատկացնեն Շիրակի երկրագիտական թանգարանին, որը պետական հիմնարկ է և շենքերից մեկի մի հարկում է տեղավորված: Այն ցուցադրության ահռելի նյութ ունի, բայց որպես պահեստ է ծառայում, ցուցադրություն չունի»,-ասաց նա։
Բարսեղյանը նշեց, որ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Արման Սահակյանն ավագանու ուղերձին պատասխանել է, թե դեռ մտածում են՝ այդ շենքն ինչ անեն. «Ասաց՝ մի շարք գաղափարակներ կան, թե ինչպես օգտագործել, ու մինչև հիմա չեն կողմնորոշվում» ։










