«Սև գեղեցկուհին» Երկրի վրա հայտնաբերված ամենահին մարսիական երկնաքարն է. հետազոտություն (լուսանկար)
Գիտնականները հայտնում են, որ Սահարայի անապատում հայտնաբերված երկնաքարը Մարս մոլորակի հնագույն մասնիկն է:
Ինչպես տեղեկացնում է The Independent-ը՝ այսպես կոչված՝ «Սև գեղեցկուհի» ժայռակտորն իր անվանումն ստացել է սև գույնի և անսովոր փայլուն տեսքի շնորհիվ, ինչը գիտական լայնամասշտաբ վերլուծությունների առարկա է դարձել:
Նոր վերլուծություններն ու ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երկնաքարը, որը նախկինում 2 մլրդ տարեկան էին համարում, կրկնակի մեծ տարիք ունի: Երկնաքարը, որի պաշտոնական անվանումը NWA (North West Africa) 7553 է, 4.4 մլրդ տարեկան է:
Ինչպես նշում է Ֆլորիդայի համալսարանի գիտնական, աշխարհագրական գիտությունների պրոֆեսոր Մունիր Հումայունը՝ երկնաքարի տարիքը համընկնում է այն ժամանակաշրջանի հետ, երբ Կարմիր մոլորակի կեղևն անցել է իր կազմավորման նախնական փուլը, որը Մարսի պատմության ամենակարևոր ժամանակաշրջաններից է:
BBC News-ի տվյալներով՝ գոյություն ունի շուրջ 100 մարսիական երկնաքար՝ հայտնաբերված աշխարհի տարբեր հատվածներում, սակայն դրանք բոլորն էլ ավելի երիտասարդ են՝ մոտ 150-600 մլն տարվա պատմությամբ:
Գիտնականներն, ուսումնասիրելով 7553-ում առկա տարբեր հանքանյութեր, պարզել են, որ այն ցույց է տալիս Մարսի մակերևույթի անկայուն բնույթը:











