Microsoft-ը Google-ին «մեղադրող» վերնաշապիկներ և բաժակ է վաճառում
Microsoft ընկերությունը «հակագուգլյան» Scroogled PR արշավի շրջանակներում սկսել է Google-ի դեմ ուղղված խորհրդանիշներով աքսեսուարներ վաճառել: Ընկերության առցանց խանութում, օրինակ, կարելի է գնել բաժակ՝ Chrome դիտարկչի լոգոյով և «Պահպանեք հանգստություն մինչ մենք գողանում ենք ձեր տվյալները» գրությամբ, հայտնում է hitech.vesti.ru-ն։
«Լցրեք ձեր սիրած խմիչքի 400 մլ այս կերամիկական բաժակի մեջ, որպեսզի ամբողջ աշխարհն իմանա, որ դուք հանգստություն եք պահպանում, չնայած Google-ը փորձում է աշխատել ձեր թվային կյանքի յուրաքանչյուր ոլորտում»,- գրված է ապրանքի քարտի վրա:
Բացի այդ, Microsoft-ը վերնաշապիկներ է վաճառում նման գրություններով. «Ատո՞ւմ եք, երբ Google-ը ձեզ «հիմարեցնում է»: Եվ չե՞ք սիրում, երբ արևը շողում է ձեր աչքերին: Ձեր բախտը բերել է: Այս վերնաշապիկը կատարյալ տարբերակ է խուսափել և՛ մեկից, և՛ մյուսից»:
Scroogled PR արշավը սկսվել է 2012 թվականի փետրվարին:










