Դատարանը Samsung-ին պարտավորեցրել է 290 մլն դոլար վճարել Apple-ին
Ամերիկյան Սան Խոսե քաղաքի դաշնային դատարանը հինգշաբթի հարավկորեական Samsung Electronics ընկերությանը պարտավորեցրել է 290,45 մլն ԱՄՆ դոլար վճարել ամերիկյան Apple ընկերությանը:
ԻՏԱՌ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ` պատճառն արտոնագրերի խախտումն է: Դատարանը պարզել է, որ Samsung-ը 13 արտադրանքների դեպքում օգտագործել է Apple-ի մշակումները: Դրանց թվում են սմարթֆոններ և պլանշետային համակարգիչներ:
Ընդ որում` փոխհատուցման գինն ավելի ցածր է սահմանվել, քան պահանջվել է: Apple-ի իրավաբանները 379,8 մլն դոլար էին ակնկալում: Իսկ արտոնագրերը վերաբերում էին iPhone-ին և iPad-ին:
Աղբյուրի փոխանցմամբ` ամերիկյան կողմը կարևորել է դատարանի որոշումը, քանի որ դա վերջ կդնի մտավոր սեփականության ոլորտում խախտումներին:
2012-ին դատարանը Samsung-ին մեղավոր էր ճանաչել իր հիմնական մրցակից Apple-ի մի քանի արտոնագրեր օգտագործելու համար և 405 մլն դոլար տուգանք սահմանել: Այժմ գործը վերանայվում է:










