Բևեռային արջերին անհետացումից կփրկեն դարչնագույն արջերը՝ փոխնակ մայրության շնորհիվ
Ռուս գիտնականները սպիտակ բևեռային արջերին անհետացումից փրկելու ծրագիր են մշակել: Ինչպես տեղեկացնում է Russia Today-ը՝ հազվագյուտ տեսակը գրանցված է Կարմիր գրքում, ինչը, սակայն, չի կանգնեցնում որսագողերին:
Աշխարհում գոյություն ունի 25000 սպիտակ արջ, որոնցից 5-7 հազարը բնակվում են Ռուսաստանում: Եկատերինբուրգի կենդանաբանները որոշել են յուրատեսակ փորձարկում անել, որի արդյունքում սպիտակ արջերի սաղմերին լույս աշխարհ կբերեն դարչնագույն արջերը: Այսպիսով գիտնականները որոշել են սպիտակ արջերի սերունդը փրկել փոխնակ մայր արջերի օգնությամբ:
Գիտնականները փորձի համար ընտրել են դարչնագույն արջերին, քանի որ այդ տեսակը պատկանում է առավել հանգիստ կենդանիների խմբին: Բացի այդ՝ Սվերդլովսկի կենդանաբանները նրանց օրգանիզմում սաղմ տեղադրելու փորձ արդեն ունեցել են:










