Ամերիկացի գիտնականները մտադիր են 3D տպիչի միջոցով մարդկային սիրտ ստեղծել

09:15 • 24.11.13

ԱՄՆ-ի Կենտուկի նահանագում գտնվող Լուիսվիլի համալսարանի սիրտ-անոթային նորարարությունների ինստիտուտի գիտնականներն իրենց առջև բարդ խնդիր են դրել, այն է՝ 3D տպիչի օգնությամբ մարդկային սիրտ «տպել»: Այս մասին հաղորդում է Russia Today՝ The Wired պարբերականին հղումով:


Նոր նախագծի հեղինակ Սյուարտ Ուիլյամսը հայտնել է, որ իր բիոինժեներական լաբորատորիայում արդեն ստեղծվել է կենդանի կորոնար աորտա և փոքր արյունատար անոթներ, որոնք արյուն են հասցնում սրտամկանին:


«Նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ մենք կկարողանանք տպել սրտի առանձին բաղադրիչները, սակայն մենք ցանկանում ենք այն ամբողջությամբ վերարտադրել: Այդ նպատակին հասնելու համար մեր ինժեներներն աշխատում են նոր 3D տպիչ ստեղծելու ուղղությամբ, որն ունակ կլինի ամբողջությամբ վերարտադրել մարդկային արյունատար օրգանի կառուցվածքը»,- մեկնաբանել է Ստյուարտ Ուիլյամսը:


3D տպիչի օգնությամբ օրգաններ ստեղծելիս գիտնականները կիրառում են բիոլոգիական ծագման նյութեր: Նրանք մտադիր են ճարպաբջիջները վերածրագրավորել ցողունային բջիջների, ինչը թույլ կտա հետագայում ստեղծել սրտի հյուսվածքներ, որոնք իմունային համակարգով կհամապատասխանեն դոնոր-օրգանիզմի մարմնի մյուս մասերին:


Չնայած 3D տպիչի միջոցով գրանցված հաջողություններին՝ որոշ գիտնականների մոտ դա անվստահություն է առաջացնում: Բժշկության դոկտոր Բրայան Դերբին կարծիք է հայտնել, որ ոչ ոք չի կարող իմանալ, թե ինչ կլինի տպիչի միջոցով ստեղծված օրգանի հետ 20 տարի անց:

 

Ամերիկացի գիտնականները մտադիր են 3D տպիչի միջոցով մարդկային սիրտ ստեղծել