Google-ի ղեկավարը ցուցումներ է գրել, թե ինչպես iPhone-ից անցնել Android-ի
Google ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Էրիկ Շմիդթը ցուցումներ է գրել, թե ինչպես iPhone-ից անցնել Android-ի: Գործարարի խորհուրդները հրապարակվել են Google +-ի նրա էջում, գրում է gazeta.ru-ն:
«Իմ բազմաթիվ ընկերներ iPhone-ից անցնում են Android-ի: Samsung-ի, Motorola-ի և Nexus 5-ի սմարթֆոնների վերջին մոդելները զինված են ավելի լավ դիսփլեյներով և ավելի արագ են աշխատում, ունեն առավել հարմար ինտերֆեյս»,- գրում է Շմիդթը:
Նրա կարծիքով՝ այդ սարքերը հիանալի Սուրբծննդյան նվեր են iPhone-ի սեփականատերերի համար:
«Ինչպես անձնական համակարգչից Mac-ի անցած մարդիկ երբեք հետ չվերադարձան, դուք նույնպես կանցնեք iPhone-ից Android-ի և երբեք հետ չեք փոխի այն»,- ասել է Շմիդթը:
Նա նաև բացատրել է, թե ինչպես է պետք iPhone-ից կամ iPad-ից Android տեղափոխել SIM քարտում առկա կոնտակտները, ինչպես նաև նկարները, երաժշտությունը և հավելվածները:










