Sony-ն ցանկանում է արտոնագրել «սմարթկեղծամը»
Sony ընկերությունն արդեն դիմել է համապատասխան կառույցներին «սմարթկեղծամն» արտոնագրելու համար, որը համաձայն փաստաթղթերի՝ կարող է կողմնորոշվել ճանապարհին, ներկայացման ժամանակ փոխել սլայդները և տեղեկություններ հավաքել, ինչպես, օրինակ, արյան ճնշման մասին, հաղորդում է BBC-ն: Sony-ի համաձայն՝ կեղծամը կկարողանա մշակել տվյալները և անլար միանալ մեկ այլ սարքի:
«Սարքերը, որոնք կարելի է կրել, միանշանակ առաջիկա երկու տարիների ընթացքում զարգացող ոլորտ են դառնալու: Եվ Sony-ն, որը փորձում է վերականգնել փայլը, որը վերջին տարիներին կորցրել է, լավ հասկանում է դա և ցանկանում է մեծ դեր խաղալ այդ ոլորտում»,- ասել է Frost & Sullivan խորհրդատվական ընկերության վերլուծաբան Էնդրյու Միլրոուն:
«Սմարթկեղծամը» հնարավոր է լինելու կրել գլխին՝ բնական մազերի հետ մեկտեղ: Սարքավորման ինտերֆեյսը և սենսորները ծածկված են լինելու կեղծամով, որպեսզի օգտագործման ժամանակ չերևան: Ընկերությունը համոզված է, որ այն տարածվելու մեծ պոտենցիալ ունի, քանի որ կարող է օգտագործվել որպես «միևնույն ժամանակ տեխնիկապես խելացի սարք և նորաձևության առարկա»:










