Խաղը նաև կրթական նշանակություն ունի, խրախուսում է ընթերցանությունը. ԿԳ փոխնախարարը «Ինչ: Որտեղ: Երբ» խաղի մասին

13:14 • 28.11.13

«Ինչ: Որտեղ: Երբ» ռուսական ինտելեկտուալ խաղը բարձր վարկանիշ ունի, խրախուսում է ինտելեկտուալ շարժումը: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանը՝ անդրադառնալով Կառավարության այն որոշմանը, ըստ որի ռուսական այս նախագիծը Հայաստանում անցկացնելու արտոնագիրը երկարացնելու համար տրամադրվեց 12 մլն դրամ կամ մոտ 30 հազ. ԱՄՆ դոլար:

 

«Խաղը նաև կրթական նշանակություն ունի, խրախուսում է ընթերցանություւնը, երեխայի մտահորիզոնի զարգացումը»,-ասաց նա:


Դիտարկմանը, թե խաղն անցկացվում է ռուսերեն լեզվով, և այդ դեպքում այն ի՞նչ նշանակություն կարող է ունենալ կրթական զարգացման վրա, փոխնախարարը պատասխանեց. «Ռուսերենի զարգացումը ևս կրթական նշանակություն ունի, մենք չպետք է մոռանանք, որ օտար լեզուների ուսուցումը կարևոր է մեզ համար: Հայաստանում ամբողջ ուսուցումը հայերենով է կատարվում, և մեկ խաղի վարումը ռուսերենով, չեմ կարծում, որ իրականում խնդիր է»,-ասաց նա:

 

Հարցին, թե նախագծի կազմակերպչական հարցերը լուծելու համար գումարը ինչու՞ է տրամադրվելու հենց «Փի Արտ» ընկերությանը, ինչպե՞ս է այդ ընտրությունը կատարվել, Կարինե Հարությունյանը պատասխանեց, որ ինքը չգիտի:

 

Կարինե Հարությունյանը տեղյակ չէր նաև, թե արդյո՞ք նախարարությունում որոշակի հաշվարկ կամ վերլուծություն արվում է՝ պարզելու «Ինչ: Որտեղ: Երբ» խաղի կրթական ազդեցությունը:

 

«Կարծում եմ, որ կարվի»,-ասաց նա:

 

Իսկ, թե ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն արդյո՞ք կշարունակի մասնակցել թանկարժեք խաղին, փոխնախարարը հորդորեց հարցնել նախարարին:
 

Խաղը նաև կրթական նշանակություն ունի, խրախուսում է ընթերցանությունը. ԿԳ փոխնախարարը «Ինչ: Որտեղ: Երբ» խաղի մասին