PSA Peugeot Citroën-ի ղեկավարը հրաժարվել է 21 մլն եվրոյի չափով թոշակի հավելումից
PSA Peugeot Citroën կոնցեռնի տնօրեն Ֆիլիպ Վարենն ինքնակամ հրաժարվել է 21 միլիոն եվրոյի չափով թոշակի հավելումից, որի մասին տեղեկությունը սկանդալ էր առաջացրել ողջ Ֆրանսիայում, գրում է ИТАР-ТАСС-ը:
«Տվյալ թեմայի առաջացրած արձագանքի առնչությամբ ես որոշում եմ կայացրել ինքնակամ հրաժարվել թոշակի հավելումի իմ իրավունքից»,- ասել է հեռացող տնօրենը: Նրա հայտարարությունը ողջունել են արհմիությունները և քաղաքական գործիչները, այդ թվում նաև երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
«Դա խոհեմ որոշում է և թերևս միակ հնարավոր որոշումը՝ հաշվի առնելով ընկերության ծանր վիճակը և այն զոհողությունները, ինչի գնացել են ընկերության աշխատակիցները դրա փրկության համար», - հայտարարել է Օլանդը Մադրիդում մամուլի ասուլիսի ժամանակ:
Իսկ Վարենը հայտարարել է, որ «ոչ այժմ, ոչ ապագայում չի հավակնի նշված 21 միլիոն եվրո գումարին» և թոշակի անցնելուց հետո կսահմանափակվի «միայն հասանելիք վճարումներով, որոնք ընդհանուր առմամբ կազմում են տարեկան մոտ 300 հազար եվրո»:
PSA կոնցեռնից հայտնել են, որ սկանդալային թոշակը նախատեսվում էր բաժանել 25 տարվա վրա՝ պարզաբանելով, որ այժմ համաձայն վերջին փոփոխությունների՝ «Վարենի ապահովմանը տվյալ ժամանակահատվածում կհատկացվի մոտ 7 միլիոն եվրո»:










