Կառավարությունը 12 մլն դրամ կտրամադրի «Ինչ, որտեղ, երբ» հեռուստանախագծի արտոնագիրը երկարաձգելու համար
ՀՀ կառավարությունն իր պահուստային ֆոնդի հաշվին Կրթության և գիտության նախարարությանը կտրամադրի 12 մլն դրամ՝ «Իգրա Թի Վի» հեռուստաընկերությունից «Ինչ, որտեղ, երբ» հեռուստանախագծի արտոնագիրը ևս մեկ տարի ժամկետով ձեռք բերելու նպատակով: Նման որոշում գործադիրը ընդունեց այսօր իր հերթական նիստին:
Գումարը նախարարությունը կհատկացնի «Փի-Արտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը որոշման նախագիծը ներկայացնող ԿԳ փոխնախարար Կարինե Հարությունյանից հետաքրքրվեց, թե ինչ հաջողություններ ունի Հայաստանի թիմը, ինչին ծիծաղով արձագանքեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը. «Նոր տարվա օրերին են ցույց տալու, ոչ քիչ մարդ տեսնի»:
Կարինե Հարությունյանն իր հերթին նշեց, որ խաղը Հայաստանում ժողովրդականություն է վայելում, ռեյտինգը բարձր է և ունի ճանաչողական նշանակություն:










