«Արմենիկումը» շարունակում է կիրառվել վարակիչ հիվանդությունների բուժման ժամանակ, մասնավորապես ՄԻԱՎ-ի դեպքում. մասնագետ
«Արմենիկում» դեղամիջոցն արգելված չէ ոչ մի երկրում, և այն մինչև օրս շարունակում է կիրառվել բազմաթիվ վարակիչ հիվանդությունների բուժման ժամանակ, այդ թվում՝ իմունային վարակների ախտահարումների ու ՄԻԱՎ-ի դեպքում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի (ՁԻԱՀ-ի ԿՀԿ) տնօրեն Սամվել Գրիգորյանը։
««Արմենիկումը» գրանցված է ՀՀ-ում 1999թ-ից, անցկացվել են անհրաժեշտ նախակլինիկական և կլինիկական փորձարկումներ, ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում։ Դեղի անվտանգությունն ու արդյունավետությունն ապացուցված է, այն գրանցված է Ռուսաստանում, Ուկրաինայում, Լիբերիայում, Կոնգոյում և այժմ դեղի գրանցման համար աշխատանքներ են տարվում Վրաստանում և Ղրղըզստանում։ Դեղի կիրառման ողջ ժամանակաշրջանում չի գրանցվել մահվան ելքով ոչ մի դեպք և որևէ երկրում արգելքներ գոյություն չունեն»,- նշեց նա։
Հարցին, թե այսինքն՝ «Արմենիկումը» կարող է բուժել ՁԻԱՀ-ը, Սամվել Գրիգորյանը նշեց, թե նայած բուժման տակ ինչ ենք հասկանում։ «ՁԻԱՀ-ի արմատական բուժում գոյություն չունի, բոլոր այն բուժման տեսակները, որոնք նպատակաուղղված են հիվանդի կյանքի երկարացմանը, որակի լավացմանը, երկրորդային հիվանդությունների առաջացման նվազեցմանը, այդ բոլոր բուժումները դեղը նույնպես իրականացնում է, բայց արմատապես բուժում գոյություն չունի»,- նշեց նա։
Իսկ, թե ինչ սկզբունքով է որոշվում՝ հիվանդը հակառետրովիրուսային բուժո՞ւմ պետք է ստանա, թե՞ «Արմենիկումով», բանախոսը նշեց, որ այդ ցուցումներն իրար հետ չեն խաչվում։ «Հետո եթե իմունային համակարգի բջիջների քանակը արյան մեկ լիկրոլիտրում պակաս է 350-ից, եթե մարդու մոտ կան ՁԻԱՀ ինդիկատորային հիվանդություններ, նրան ցուցված է հակառետրովիրուսային բուժումը, առաջարկվում է նման բուժում։ Իսկ եթե 350-ից բարձր է, հիվանդը չունի բուժման ցուցում հակառետրովիրուսային, նման դեպքում հիվանդը կարող է ըստ իր ցանկության ընտրել «Արմենիկումով» բուժում ստանալու հնարավորությունը»,-ասաց նա։










