Ամերիկացի գիտնականների հայտնագործությունը նոր էջ կբացի աստղագիտության մեջ. Daily Mail
Ամերիկացի գիտնականները Հարավային բևեռում տեղակայված IceCube հեռադիտակի միջոցով հայտնաբերել են տիեզերական փոքրիկ մասնիկ, որը նախկինում ոչ ոք չէր տեսել, հայտնում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ այս հայտնագործությանը գիտնականների թիմը սպասում էր արդեն 2 տարի։
Մասնագետների կարծիքով՝ նոր մասնիկի՝ նեյտրինոյի հայտնագործումը նոր էջ կբացի աստղագիտության ոլորտում։ Բարձր էներգիայով օժտված տիեզերական ենթաատոմային մասնիկները, որոնք Երկիր են հասնում տիեզերքի խորքերից, ըստ ամենայնի՝ «պայթող աստղերի» մնացորդներն են։
Թեև այս մասնիկներն առաջին անգամ երևացել են 1956թ., սակայն սա առաջին դեպքն է, երբ գիտնականներին հաջողվել է ֆիքսել նեյտրինոներն իրենց ամենամաքուր, սկզբնական ձևով, որոնք առնվազն 1 մլն անգամ ավելի շատ էներգիա են պարունակում, քան մինչ այս ֆիքսվածները։
IceCube-ը, ի տարբերություն սովորական հեռադիտակների, կարող է նշմարել այդ նեյտրինոները։ Ամերիկացի մասնագետները նշել են, որ ի տարբերություն պրոտոնների՝ այս մասնիկները չունեն էլեկտրական լիցք և շատ փոքր զանգված ունեն, ինչի պատճառով էլ դրանց շատ դժվար է տեսնել։
Գիտնականների խոսքերով՝ նեյտրինոները բացառիկ են նրանով, որ դրանք բացարձակապես ուղիղ են շարժվում իրենց աղբյուրից՝ առանց շեղվելու մագնիսական դաշտերի կողմից։











