Renault ընկերությունը պատրաստվում է ներկայացնել նոր՝ գերխնայող մեքենա
Աշխարհի ամենատնտեսող մեքենան այսօր համարվում է Volkswagen XL1-ը, որը 100 կմ-ի համար ծախսում է առավելագույնը 1 լիտր վառելիք: Սակայն այս երկտեղանոց մեքենան բավականին թանկ է՝ արժեքը սկսվում է 110.000 եվրոյից: Ինչպես տեղեկացնում է Вести.ru-ն՝ ֆրանսիացիները ցանկանում են պատրաստել նույնքան տնտեսող, սակայն ավելի էժան մեքենա:
Renault ընկերությունը արդեն ծրագրում է հաջորդ տարի ներկայացնել հիբրիդային շարժիչ ունեցող մեքենա, որը յուրաքանչյուր 100 կմ-ի վրա կծախսի 2լ վառելիք: Սպասվում է, որ մեքենան առաջին անգամ կներկայացվի Ժնևի ավտոսրահում:
Renault-ի հետազոտական վարչության ղեկավար Ռեմի Բաստենը Auto Express-ին հայտարարել է, որ մեքենան պիտանի կլինի զանգվածային օգտագործման: Դա նշանակում է, որ ֆրանսիացիները չեն օգտագործի գերթեթև, սակայն թանկարժեք նյութեր: Ըստ Բաստենի, ընկերության հետազոտական խումբը ակտիվորեն քննում է վառելիքի ծախսի նվազեցման հնարավորությունները և հանգել է եզրակացության, որ դրա համար պարտադիր չէ նվազեցնել մեքենայի քաշը:
Սպասվում է, որ ապագա գերտնտեսող մեքենան իր չափերով համադրելի կլինի ներկայիս Renault Clio-ի հետ:










