Apple-ը ձեռք է բերել սոցցանցերի վերլուծությունների Topsy Labs ընկերությունը
Apple ընկերությունը ձեռք է բերել Tobsy Labs-ը, որը մասնագիտացել է սոցիալական մեդիայի տվյալների վերլուծության գծով, հաղորդում է gazeta.ru-ն՝ հղում անելով BBC-ին:
Topsy Labs-ն օգտագործում է Twitter սոցիալական ցանցի տվյալները հաճախորդների տրամադրություններին հետևելու համար: Այն քիչ թվով ընկերություններից մեկն է, որոնք հասանելիություն ունեն Twitter-ի տեղեկատվական ողջ հոսքին:
Apple-ը չի նշել՝ որքան է վճարել ընկերության համար, սակայն The Wall Street Journal-ի կարծիքով՝ այդ թիվը մոտ 200 միլիոն դոլար է:
Դա երկրորդ գնումն է Apple ընկերության կողմից վերջին մի քանի շաբաթների ընթացքում: Անցած ամիս կորպորացիան հայտարարել է իսրայելական PrimeSense ընկերությունը գնելու մասին, որը մասնագիտացել է շարժումը հայտնաբերելու 3D տեխնոլոգիայի ստեղծման վրա:










