Եվրոպայի խորհուրդը և Microsoft-ը կիբերհանցագործությունների դեմ պայքարի մասին համաձայնագիր են ստորագրել

16:40 • 04.12.13

Ամերիկյան Microsoft կորպորացիան Եվրոպայի խորհրդի հետ կիբերհանցագործությունների դեմ պայքարի ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր է ստորագրել, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

 

Ինչպես այսօր հաղորդել է Եվրոպայի խորհրդի մամուլի ծառայությունը, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպության և Microsoft-ի միջև համագործակցությունն իրականացվելու է նոր Cybercrime@Octopus ծրագրի շրջանակներում: Ծրագիրը կոչված է աջակցելու Կիբերհանցագործությունների մասին կոնվենցիայի կոմիտեի գործունեությունը:

 

«Ես ուրախ եմ շարունակել 2006 թվականին սկսված Microsoft-ի հետ համագործակցությունը և այն նոր մակարդակի հասցնել»,- նշել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Տուրբյորն Յագլանդը:

 

Նա ընդգծել է, որ համագործակցությունը մասնավոր հատվածի հետ անհրաժեշտ է ոչ միայն նրա համար, որ կանխվեն կիբերհանցագործությունները, այլև մասնավոր կյանքը և այլ հիմնարար իրավունքներ պատշպանելու համար:

 

Microsoft-ի եվրոպական բաժնի փոխնախագահ Դորոտի Բելզն իր գոհունակությունն է հայտնել այն առիթով, որ Եվրոպայի խորհուրդը և իր ընկերությունը շարունակում են համագործակցել համակարգչային հանցագործությունների մասին Բուդապեշտի կոնվենցիան առաջ տանելու նպատակով:

 

Cybercrime@Octopus ծրագիրը կմեկնարկի հաջորդ տարվա հունվարին և իր աշխատանքը կավարտի 2016 թվականի վերջին:

Եվրոպայի խորհուրդը և Microsoft-ը կիբերհանցագործությունների դեմ պայքարի մասին համաձայնագիր են ստորագրել