Գիտե՞ք Ձեր իրական տարիքը. նոր հաշվիչը կարողանում է հաշվել մարմնի ճշգրիտ տարիքը
Բրիտանացի գիտնականները ստեղծել են ուշագրավ մի սարք, որը կարողանում է հաշվել մարմնի իրական տարիքը` պարզելով, թե տվյալ անձի կենսակերպն ինչպիսի ազդեցություն է թողնում նրա կյանքի որակի վրա:
Ինչպես նշում է Daily Mial-ը, Vitality Age Calculator կոչվող հաշվիչը հիմնվում է մարդու մարմնի քաշի, սննդակարգի, արյան մեջ խոլեստերինի պարունակության, ալկոհոլի օգտագործման քանակի, ինչպես նաև երջանկության զգացողության ցուցանիշների վրա:
Օրինակ` հաշվիչը պարզել է, որ 50-ամյա կինը, ով ունի 1.75մ հասակ, կշռում է 83 կգ, հազվադեպ է մարմնամարզությամբ զբաղվում, արյան մեջ խոլեստերինի քանակը բարձր է, չափավոր է սնվում ու ալկոհոլ օգտագործում և իրեն համեմատաբար երջանիկ է համարում, իրականում ունի «56 տարեկան մարմին»:
Մասնագետներն անցկացված ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ նրանք, ովքեր առավել շատ ունեն վնասակար սովորություններ ու ավելորդ քաշ, նրանց մարմնի տարիքը չի համապատասխանում կենսաբանական տարիքին: Մինչդեռ առողջ կենսակերպը նախընտրող մարդկանց մոտ հակառակ պատկերն է:










