Հայաստանում գերադասում են կրթություն ստանալ արտերկրում՝ Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում

23:49 • 05.12.13

Ոչ միայն միջբուհական փոխանակման ծրագրերով, այլև՝ դպրոցն ավարտելուց հետո շրջանավարտները միանգամից տարբեր ծառայությունների միջոցով ընդունվում են արտերկրի բուհեր: Հայ դիմարդները հիմնական նախապատվությունը տալիս են Անգլիային և ԱՄՆ-ին: Այս մասին Tert.am –ին հայտնեց նման ծառայություններ մատուցող ընկերություններից մեկի տնօրեն Հայկուշ Գևորգյանը:

 

«Ցանկացած մեկը, ով ուզում է արտասահմանում սովորել, կարող է անել դա, եթե համապատասխանում է առաջադրվող պարտադիր պահանջներին: Մենք նախապես տալիս ենք խորհրդատվություն և կատարում ենք դիմորդի փաստաթղթերի ձևակերպումները նրա ընտրած համալասարանի փաստաթղթերի հիման վրա»,-նշեց արտերկրում կրթություն ապահովող ընկերության ներկայացուցիչը:

 

Ն ա նշեց, որ օտարերկյա բուհում ընդունելությունը կատարվում է Հայաստանում, հիմնականում հանձնվում է լեզուների քննություն: Ընդ որում՝ և՛ անգլերենի, և՛ գերմաներենի (ենթադրենք դիտորդը ցանկանում է ընդունվել Գերմանիայում և Ավստրիայում ) քննություններն, ըստ Հայկուշ Գևորգյանի, ընդունում է Հայաստանում բրիտանական կամ ամերիկյան խորհուրդը:

 


Ինչպես ավելի վաղ tert.am-ը տեղեկացրել էր՝ հայաստանցի ուսանողներն արտասահմանյան բուհեր (խոսքը, հիմնականում, բարձր վարձավճարներ ունեցող ուսումնական հաստատությունների մասին չէ) կարող են ընդունվել մի քանի տարբերակով: Դրանցից առաջինը ներգրավումն է արտերկրի կրթական այն ծրագրերում, որոնք ներառված են երկկողմ միջպետական համաձայնագրերում:

 

Բնականաբար՝ լեզվի իմացությունը պարտադիր է. Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում պարտադիր է անգլերենի կատարյալ իմացությունը, Գերմանիայում՝ կրկին անգլերենի ու որոշ դեպքերում՝ գերմաներենի: Ժնևի համալսարանում անցողիկ են և՛ անգլերենը, և՛ ֆրանսերենը:

 


Արտերկրում մագիստրատուրա և ասպիրանտուրա անցնելու մյուս տարբերակը տարբեր երկրների ու կառավարությունների կողմից տրամադրվող ուսման հնարավորություններն ու կրթաթոշակներն են. երբ ուսանողները դիմում են ո´չ թե տվյալ համալսարան, այլ՝ տվյալ ծրագրին:

 


Հիշեցնենք, որ 2009 թվականից ՀՀ-ում գործում է «Լույս» հիմնադրամը, որը կրթաթոշակ է տրամադրում այն ուսանողներին, ովքեր իրենց ուժերով ընդունվել են աշխարհի լավագույն ուսումնական տասը հաստատություններից մեկը։

 

«Լույս» կրթաթոշակին համապատասխանելու համար դիմորդը պետք է լինի ՀՀ քաղաքացի կամ հայկական ծագում ունենա և «Լույս»-ին հայտ ներկայացնելիս լինի 18-40 տարեկան:

 

 


 

Հայաստանում գերադասում են կրթություն ստանալ արտերկրում՝ Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում