Apple–ը $60 մլն է վճարել իր փաստաբաններին Samsung-ի դեմ դատական գործի համար

16:33 • 07.12.13

Երկարատև դատական վեճը Apple և Samsung ընկերությունների միջև ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգի Դաշնային դատարանում եղել է լարված, և ինչպես պարզվում է, թանկարժեք. այդ մասին վկայում են ընկերության փաստաբանական փաստաթղթերը, գրում է iphones.ru-ն։


Վերջին 2 տարիների ընթացքում ընկերությունները ներգրավված են եղել մեծ դատական գործընթացում։ Նրանք միմյանց մեղադրել են իրենց պատկանող արտոնագրերի խախտման համար։ Դատական վեճն ավարտվել է նրանով, որ Samsung-ին պարտավորեցրել են վճարել փոխհատուցում՝ մոտ 930 մլն դոլար։


Նոր դատական հայցում նշվում է, որ Apple-ը Morrison&Foerster փաստաբանական ընկերությանը վճարել է մոտ 60 մլն դոլար։ Ընդ որում՝ հաշվի առնելով իրենց հարաբերությունները, Morrison&Foerster-ը ընկերությանը մեծ զեղչ է տրամադրել։ Բացի այդ, առնվազն 100 հազ. դոլար վճարվել է այլ փաստաբանների և ևս մոտ 2 մլն դոլար պետք է վճարել WilmerHale փաստաբանական ընկերությանը։


Այս կապակցությամբ Apple-ը դիմել է դատավոր Լյուսի Կոխին՝ խնդրելով միջամտել և պարտադրել Samsung-ին մասամբ փոխհատուցել դատական այդ ծախսերը՝ 15.7 մլն դոլար։

 

Apple–ը $60 մլն է վճարել իր փաստաբաններին Samsung-ի դեմ դատական գործի համար