Wikipedia-ում hայկական բովանդակության նյութերը վերջին 1 տարում կտրուկ ավելացել են` 104 253 հոդված (լուսանկարներ)
Մոտ 200 լեզուներ ունեցող Համաշխարհային ազատ հանրագիտարանում Հայաստանը վերջին մեկ տարում կտրուկ բարելավել է դիրքերը: Այս մասին Tert.am–ի հետ զրույցում ասաց մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ ավելացնելով. «Մի քանի օր առաջ Ազատ հանրագիտարանում հայերեն հոդվածները հատեցին 100 հազարը: Ու սա եղել է վերջին մեկ տարվա ընթացքում»:
Նշենք, որ այսօրվա դրությամբ Համաշխարհային ազատ հանրագիտարանում հայերենով տեղադրված է 104 253 հոդված, և այս ցուցանիշով Հայաստանը երրորդ խմբի լեզուների ցանկից անցել է երկրորդ խումբ, որտեղ այն լեզուներն են (ըստ էության՝ երկրներն են), որոնք ունեն իրենց երկրի, մշակույթի, պատմության մասին «100 հազար +» հոդված: Հայերենի հետ այս ցանկում են բուլղարերենը, չեխերենը, դանիերենը, ռումիները, պորտուգալերենը, ուկրաիները, սերբերենը և այլն:
Համեմատության համար նշենք, որ հարևան Վրաստանի և Ադրբեջանի պաշտոնական լեզուները՝ վրացերենն ու ադրբեջաները, ներառված են «10 000 + » հոդվածներ ունեցող լեզուների շարքում:
Վրացերենն ունի մոտ՝ 70, իսկ ադրբեջաները՝ մոտ 90 հազար հոդված:
Բնականաբար՝ «1 միլիոն +» բաժնում ներառված են աշխարհում ամենշատը տարածված լեզուները ՝ անգլերենը, ռուսերենը, ֆրանսերենը, գերմաներենը, իտալերենը, իսպաներենը, չինարենն ու նիդերլանդերենը, լեհերենը: Անգլերենով, օրինակ, Բրիտանական ազատ հանրագիտարանում տեղադրված է 4 միլիոն 391 հազար հոդված, ռուսերենով ՝ Ռուսական ազատ հանրագիտարանում՝ 1 միլիոն 66 հազար, գերմաներենով՝ 1 միլիոն 658 հազար, չինարենով՝ 884 հազար, պորտուգալերենով՝ 803 հազար հոդված:
«1000 +» ՝ չորրորդ խմբում ներառված են ամենատարբեր՝ կուալա լումպուր, բամանանկան և մի քանի այլ աֆրկյան լեզուներ կամ խոսվածքներ:
Ինչպես Tert.am–ին փոխանցեց Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ նախարարությունը կարևորում է հայալեզու կրթական, գիտական բովանդակությամբ նյութերի ավելացումը համացանցում, և սա նախարարության գերակա ուղղություններից մեկն է:
«Եվ շատ ուրախ ենք, որ հանրային աջակցությամբ ու հասարակական նախաձեռնությամբ, մասնավոր հատվածի ներկայացուցիչների ներգրավմամբ կարողացանք այս պահին հասնել մի արդյունքի, որը բավականին տպավորիչ է: Հուսով ենք, որ այս աշխատանքները չեն դադարի, կմնան հանրային նախաձեռնությունների կիզակետում»,-նշեց Արմեն Աշոտյանը:
Հիշեցնենք, որ Կրթության և գիտության նախարարությունը կոչ էր արել համալսարաններին, ուսանողներին՝ առավել մեծ ներգրավում ունենալ այս աշխատանքներին՝ հաշվի առնելով, որ ուսանողները գրում և պաշտպանում են դիպլոմային աշխատանքներ ու ռեֆերատներ, որոնք թարմություն են հաղորդում Հայկական ազատ հանրագիտարանում տեղադրված նյութերին՝ բացի հայերենով կրթական ու գիտական բովանդակություն ստեղծելուց:
Ինչ վերաբերում է տեղադրված նյութերին, ապա, ըստ Արմեն Աշոտյանի, գերիշխում են Հայաստանի մշակույթին ու պատմությանը վերաբերող, ինչպես նաև՝ ականավոր հայ մտավորականներին ներկայացնող նյութերը: Սակայն Արմեն Աշոտյանը կարևորում է տեխնիկական և գիտական ուղղվածության հայալեզու հոդվածների տեղադրումը:
Հիշեցնենք, որ Ազատ հանրագիտարանում հայերի ակտիվանալու նախաձեռնությունը եղել է մի քանի անգամ ու մի քանի տարբեր շրջանակներից՝ ինչպես ԿԳՆ-ից, «Քոմեդի Քլաբ Փրոդաքշն» ընկերության հիմնադիր Արթուր Ջանիբեկյանի կողմից, պետական հիմանարկներից ու կրթական շրջանակներից և, ինչպես հայտնի դարձավ Tert.am –ին, նախագահական նստավայրից ևս:
Արմեն Աշոտյանը, սակայն, վերջին հարցադրման հետ կապված մեկնաբանություն չուներ:
Հիշեցնենք, որ Ազատ հանրագիտարանում կարող է հոդված խմբագրել ցանկացած ոք, ինչը թելադրում է նախագծի ձևաչափը: Ըստ Սամվել Մարտիրոսյանի՝ սրա հաշվին հոդվածների որակը որոշ չափով տուժում է, բայց ավելանում է քանակը:
Ինքը՝ Սամվել Մարտիրոսյանը, գիտի, որ հիմնականում այս աշխատանքով զբաղվում են շուրջ 2000 անհատներ, որոնք ներկայացնում են տարբեր սոցիալական խմբեր՝ ուսանողություն, գիտնականներ, պատմաբաններ, արվեստագետներ և այլք:
Նշենք, որ Ազատ հանրագիտարանի թարմացմամբ զբաղվում է նաև Գիտությունների ազգային ակադեմիան։













