Երկնաքարի ընկնելն ու Պուտինի ամուսնալուծությունը տարվա իրադարձություններ՝ ըստ «Яндекс»-ի
Ռուսական Չելյաբինսկ քաղաքում երկնաքարի ընկնելն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ամուսնալուծությունը դարձել են 2013թ. ամենահեղինակավոր իրադարձությունները՝ ըստ Яндекс որոնողական համակարգի։
Ինչպես հայտնում է Лента-ն, 2013-ի ամենաշատ հիշատակվող իրադարձությունների վիճակագրությունը հրապարակվել է ընկերության պաշտոնական կայքում։
Բացի նշված 2 նորություններից, ռուսական որոնողական համակարգում ամենաշատ փնտրված թեմաներից են նոյեմբերի 17-ին Կազանում տեղի ունեցած ավիավթարը, Ալլա Պուգաչյովայի ու Մաքսիմ Գալկինի ընտանիքում երեխաների լույս աշխարհ գալը, ինչպես նաև մոսկովյան Բիրյուլևո թաղամասում տիրող «իրավիճակը» (հոկտեմբերի 13-ին այս թաղամասում տեղի են ունեցել զանգվածային անկարգություններ, որոնք պայմանավորված էին ռուս երիտասարդ Եգոր Շչերբակովի սպանությամբ)։
Ըստ Яндекс-ի՝ ընթացիկ տարվա ամենաճանաչված կանանց ցուցակը գլխավորել է հաղորդավարուհի Քսենյա Սոբչակը, իսկ տղամարդկանց ցանկը՝ 2013թ. մարտին մահացած դերասան Անդրեյ Պանինը։
Իսկ ինչ վերաբերում է Яндекс-ում ամենաշատ որոնված ֆիլմին, գաջեթին և երգին, ապա դրանք են «Ֆորսաժ - 6» ֆիլմը, Apple-ի iPhone 5S սմարթֆոնը, ռուս երգչուհի Նատալիի «О боже, какой мужчина» կատարումը։










