Ծիծաղը օգնում է հղիանալ
Ծիծաղը հանում է սթրեսը,կանխում է ինֆարկտը, նվազեցնում է շաքարի մակարդակը արյան մեջ և նույնիսկ՝ օգնում հղիանալ, սակայն ծիծաղից կարելի է նաև մահանալ: Գիտնականները վերլուծել են ծիծաղի՝ առողջության վրա ունեցած բոլոր ազդեցությունները՝ արդյունքներին վերաբերելով հումորի զգացումով: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն:
Ընդունված է, որ ծիծաղը լավագույն դեղամիջոցն է, սակայն ո՞վ է դա ստուգել: Բիրմինգհեմյան համալսարանի կլինիկական ֆարմակոլոգիայի պրոֆեսոր Ռոբին Ֆերները և Գրին-Թեմփլթոն քոլեջի անդամ Ջեֆֆրի Արոնսոնը վերլուծել են 1946-2013 թթ. բժշկական հրատարակումները, որոնցում խոսվում է առողջության վրա ծիծաղի ազդեցության մասին: The BMJ ամսագրում հրապարակված իրենց հոդվածում նրանք պնդում են, որ ծիծաղը երբեմն օգտակար է, իսկ երբեմն՝ հիվանդության ախտանիշ է:
Գիտնականները վերլուծել են միայն չմտածված, անկեղծ ծիծաղը, որը հայտնի ֆրանսիացի բժիշկ Գիլոմա-Բենջամին-Ամանդ Դյուշեն դե Բուլոնի պատվին ստացել է «Դյուշենի ծիծաղ» անունը:
Անկեղծ ծիծաղը մեղմացնում է բարկությունը և վանում է վտանգի զգացումը, թուլացնում է դեպրեսիան, սթրեսը և հոգեբանական լարվածությունը: Դրանով փորձել են նաև բուժել որոշ հոգեկան շեղումներ, սակայն՝ առանց զգալի արդյունքի:
Ծիծաղը ավելի ճկուն է դարձնում երակների պատերը և ուժեղացնում է էնդոտելիաների գործունեությունը, ինչի պատճառով թուլանում է սրտանոթային համակարգի ծանրաբեռնվածությունը, իջնում է կաթվածի և ինֆարկտի հավանականությունը:
Անկեղծ ծիծաղը 15 րոպեում այրում է 40 կալորիա, իսկ ամբողջ օրը ծիծաղելու դեպքում հնարավոր է այրել նույնիսկ՝ 2.000 կալորիա:
Սակայն ծիծաղը որոշ դեպքերում կարող է նաև իրական վտանգ ներկայացնել: Եղել են դեպքեր, երբ մարդիկ ծիծաղից ուշագնաց են եղել, մահացել են սրտի կաթվածից, «վաստակել» որովայնի ճողվածք: Ծիծաղն առաջացրել է ասթմայի նոպաներ, գլխացավ, ծնոտի խախտվածք: Վարակիչ ծիծաղը տարածում է օդակաթիլային ինֆեկցիա:
Ծիծաղը կարող է լինել նաև լուրջ հիվանդության ախտանշան, ինչպես, օրինակ, ցրված կամ կողային սկլերոզի կամ Անգելմանի հիվանդության՝ հոգեկան զարգացման դանդաղում, որի ժամանակ հիվանդն սկսում է հաճախ ծիծաղել և ժպտալ: Երբեմն ծիծաղի պատճառ են դառնում էպիլեպսիայի նոպայի ժամանակ առաջացած ջղաձգումները:
Հետազոտողները նշում են, որ թեև ծիծաղը միշտ չէ, որ օգտակար է, բայց հումորը հազվադեպ է վտանգավոր լինում:










