Կոլումբիայում 82-ամյա կինը 40 տարի քարացած սաղմ է կրել իր օրգանիզմում

15:37 • 13.12.13

Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայի հիվանդանոցներից մեկի բժիշկները շատ են զարմացել, երբ հայտնաբերել են, որ որովայնի հատվածում ուժեղ ցավերի պատճառով իրենց դիմած 82-ամյա կինը «հղի է»։

 

Ինչպես նշում է Daily Mail-ը, անակնկալներն այսքանով չեն սահմանափակվել. մասնագետները պարզել են, որ թոշակառուն իր օրգանիզմում քարացած պտղի է կրել 40 տարի շարունակ։

 

Սկզբում բժիշկները կասկածել են, թե կինը որովայնախոռոչում ուռուցք ունի, սակայն հետագա զննման արդյունքում հայտնաբերվել է քարացած պտուղը։ Նրանք նշել են, որ քարացած պտուղը՝ «լիտոպեդիոնը», գտնվել է արգանդից դուրս։ Այժմ կնոջը պետք է վիրահատեն, որպեսզի մահացած ու քարացած հյուսվածքները հանվեն օրգանիզմից։

 

Ընդհանուր առմամբ, համաշխարհային բժշկության պատմության մեջ հայտնի է նմանատիպ 300 դեպք, երբ արտարգանդային հղիության հետևանքով պտուղը քարացել է։
 

«Լիտոպեդիոնի» առաջին դեպքն արձանագրվել է 1582թ.՝ 68-ամյա մի ֆրանսուհու մոտ, ում դիահերձման արդյունքում պարզվել է, որ կինը 28 տարի շարունակ իր մեջ կրել է լիարժեք զարգացած, սակայն քարացած պտղի։
 

Կոլումբիայում 82-ամյա կինը 40 տարի քարացած սաղմ է կրել իր օրգանիզմում