Google, Microsoft, Apple, Facebook ընկերությունները խնդրում են պաշտպանել իրենց գաղտնալսումներից
Ութ տեխնոլոգիական հսկաներ, ներառյալ՝ Google, Microsoft, Apple, Facebook ընկերությունները, բաց նամակ են հղել ԱՄՆ-ի նախագահին և Կոնգրեսին, որում կոչ են անում սահմանափակել գաղտնալսման կառավարական ծրագրերն ամբողջ աշխարհում, հայտնում է Обозреватель-ը։
«Կառավարությունը պետք է պաշտպանի մեզ։ Այն պետք է պաշտպանի մեզ և մեր ազատությունները, մեր տնտեսությունը։ Այն վատ աշխատեց»,- ասել է Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը։
Մինչ այժմ հրապարակվել է ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի ունեցած գաղտնի նյութերի միայն մի մասը, սակայն դա էլ բավական է եղել սկանդալներ առաջացնելու և ԱՄՆ-ին քննադատելու համար։
Սնոուդենի նյութերից պարզ է դարձել, որ ահաբեկիչներին որոնելու համար հետևել են նաև World of Warcraft և Second Life խաղերը։ Ամերիկացի գործակալներն իրենց բրիտանացի ընկերների հետ բացել են այլ մասնակիցների նամակագրությունը՝ խաղացող ձևանալով։
Ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունները լրջորեն անհագստացած են. հեղինակության կորստից հետո կարող են հաջորդել ֆինանսականները։
«Մենք կարծում ենք, որ կառավարության կողմից գաղտնալսումները և տեղեկատվության չարաշահումը վնաս են հասցնում՝ որ երկրում էլ լինի»,- ասել է համակարգիչներ և հաղորդակցման սարքավորումներ արտադրողների միության տնօրեն Էդվարդ Բլեքը։










