Ֆիլհարմոնիկ նվագախումբը կիսադատարկ դահլիճում է ելույթ ունենում, երբ Հայաստանում կատարում է հայ կոմպոզիտորների գործերը

15:34 • 17.12.13

Ֆիլհարմոնիկ նվագախումբն այժմ հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները շատ հաճախ է կատարում, սակայն համերգներն անցնում են կիսադատարկ դահլիճում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Էդուարդ Թոփչյանը: Նա ընդգծեց, որ ընդամենը մի քանի օր առաջ կատարել են կոմպոզիտոր Մարտուն Իսրայելյանի ստեղծագործությունը, սակայն ունկնդիրների թիվը նվագախմբի անդամների չափ է եղել:


«Դա ճիշտ չի, եթե մենք այդքան շահագրգռված ենք մեր կոմպոզիտորների պրոպագանդայով, ապա մենք նրանց պետք է տեր կանգնենք: Սա միայն ֆիլհարմոնիկի խնդիրը չէ: Եթե մենք նման մի քանի համերգ էլ ունենանք, ու դրա վրա միայն ծախս անենք, անգամ աֆիշայի փողը չհանենք… սա կոմերցիայի դար է: Մենք էլի մեր պարտքը կատարում ենք, բայց ուզում եմ հասկանալ, մեր մեծ երաժիշտները ժողովրդի ո՞ր մասին են պետք»,- ասաց նա:


Նա ընդգծեց, որ չի կարելի այս խնդիրը միայն նվագախմբի ուսերին դնել ու ասաց, որ ինքն այս հարցը պատրաստվում է քննարկել Կոմպոզիտորների միության նախագահի հետ նաև:


«Ես բացառում եմ, որ կնվագենք հայկական երաժշտություն ու դահլիճում լինի նվագախմբից քիչ մարդ: Ո՞ւմ համար ենք դա անում: Դրսի համերգներին էլ շատ անգամ չեն ուզում հայ կոմպոզիտորների լսել: Մենք դեռ Վիեննայի նվագախումբը չենք, որ բոլորին թելադրենք մեր կամքը: Դա կարող է իրեն թույլ տալ աշխարհի ամենամեծ նվագախումբը, այն էլ մասամբ: Մենք պարտավոր ենք հաշվի նստել այն բանի հետ, թե որ երկիր ենք գնում, այդ երկրի լսարանը ինչ է սիրում լսել»,- ասաց նա և ընդգծեց, որ ամեն դեպքում փորձում են օտար ականջին ծանոթացնել հայկական երաժշտությունը:


Նույն հարցի շուրջ իր կարծիքը հայտնեց նաև դիրիժոր, խմբավար, Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանը, ով ևս ներկա էր մամուլի ասուլիսին: Նա ընդգծեց, որ ցանկացած մարդ մի բան պահանջելուց առաջ պետք է դրա իրավունքն ունենա:


«Քանի չեն գալիս ու չեն լսում հայ կոմպոզիտորների, դրա իրավունքը չունեն, որ պահանջեն կատարենք: Ձևի համար են միայն ասում: Մենք չենք հրաժարվում մեր կոմպոզիտորներից: Դրսի համերգների ժամանակ, օրինակ՝ ես, ասենք, Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան կատարելուց հետո ծափահարություններից հետո Կոմիտաս եմ նվագում, որը նորություն է եվրոպացիների ու ամերիկացիների համար, ու նրանք հիանում են: Բայց ես Կոմիտաս չեմ գրում աֆիշայի վրա, որովհետև մարդիկ չեն ճանաչում ու հանդիսատես չես հավաքի»,- ասաց նա:


Մաեստրոն ընդգծեց, որ երաժշտի սրբազան պարտքն է հնար գտնել ու հայկական երաժշտությունը դրսում ներկայացնել, սակայն միաժամանակ ավելացրեց, որ չի կարելի սահմանափակվել հայկականի մեջ: