Օրական մեկ խնձոր ուտելը կարող է կանխել սրտանոթային հիվանդությունների առաջացումը. հետազոտություն
Բրիտանացի գիտնականները պարզել են, որ սրտանոթային հիվանդությունների առաջացումը հնարավոր է կանխել նաև առանց բժշկական միջամտության. պարզապես` անհրաժեշտ է օրվա սննդակարգը համալրել մրգերի մեծ քանակությամբ:
Ինչպես գրում է Rosbalt.ru-ն՝ MegaMedPortal-ին հղումով, նմանօրինակ առողջական խնդիրներից խուսափելու համար անհրաժեշտ է ամեն օր մեկական խնձոր ուտել, ինչը կօգնի նվազեցնել սրտի և ուղեղի կաթվածից մահանալու վտանգը 50-ից բարձր տարիք ունեցող մարդկանց շրջանում:
Օքսֆորդի համալսարանի հետազոտող գիտնականների տվյալներով՝ Մեծ Բրիտանիայում ավելի քան 5,2 մլն մարդ օգտագործում է արյան մեջ խոլեստերինի պարունակության նվազմանը նպաստող դեղամիջոցներ (ստատիններ): Ըստ գիտնականների` 17,6 մլն մարդ նույնպես կարող էին օգտագործել այդ դեղամիջոցը, եթե դրանք դուրս գրվեին նույն հաճախականությամբ, ինչ սրտանոթային հիվանդությունների դեպքում նշանակվող առաջնային կանխարգելիչ միջոցները:
Մաթեմատիկական մոդելների միջոցով վերլուծելով տվյալ իրավիճակը՝ գիտնականները պարզել են, որ ստատինների ամենօրյա կիրառման դեպքում մարդկանց երկրորդ խմբում կաթվածից մահացության դեպքերը կարող էին տարեկան կտրվածքով կրճատվել 9400-ով: Միաժամանակ` լրացնելով մարդկանց սննդակարգը օրական մեկ խնձորով, կարելի է կանխել 8.500 մահացության դեպք Բրիտանիայի` 50-ից բարձր տարիք ունեցող բնակչության 70 տոկոսի շրջանում:










