MarsOne-ի անօդաչու սարքը ուղիղ հեռարձակում կիրականացնի Մարսից
Մարսի գաղութացման Mars One նախաձեռնությունն առցանց հեռարձակում կսկսի հեռավոր մոլորակի մակերևույթից: Տվյյալները Երկիր կգան կապի արբանյակային մոդուլի միջոցով, որը հետազոտական առաքելության շրջանակներում Մարսի մակերևույթին իջեցվելու է 2018 թվականին: Այս մասին հաղորդում է Вести-ն:
Mars One-ի գործադիր տնօրեն Բաս Լանսդրոպը հայտարարել է, որ մարդկանց՝ 2025թ. Կարմիր մոլորակ ուղարկելու առաքելության կարևորագույն կողմը հանրության մասնակցությունն է:
Նիդերլանդներում գտնվող ընկերությունը ցանկանում է այն հետագայում դարձնել ռեալիթի-շոու: Իր առաքելության համար MarsOne-ը գործընկերային համաձայնագիր է կնքել Surrey Satellite Technology (SSTL) ընկերության հետ: Տվյալների հաջող փոխանցման դեպքում Երկիր մոլորակ կուղարկվեն տեսագրություններ, որոնցում պատկերված կլինի մոլորակի մակերեսը:










