Գիտնականները հաջողությամբ աչքի ցանցաթաղանթ են ստեղծել 3D տպիչի օգնությամբ
Քեմբրիջի համալսարանի գիտնականներին հաջողվել է առնետի աչքի ամբողջական ցանցաթաղանթ ստեղծել շիթային 3D տպիչի միջոցով: Ստացված նմուշներով կարելի է փոխարինել աչքի վնասված հյուսվածքները և ամբողջությամբ վերականգնել տեսողությունը:
Ինչպես ներկայացնում է Rbc.ru-ն՝ սա առաջին դեպքն է, երբ հաջողվում է արտատպել հասուն նյարդային համակարգի հյուսվածքները: Գիտնականներն առնետի աչքի հյուսվածքից վերցրել են առողջ բջիջները և տեղադրել դրանք 3D տպիչի մեջ, այնուհետև մոդելի հիմնա վրա ստեղծել ճիշտ կրկնօրինակը: Ստացված նմուշները միանգամայն առողջ և կենսունակ են եղել:
Գիտնականների խոսքով՝ այս իրադարձությունը կարևոր քայլ է վերականգնող բժշկության զարգացման համար: Այս հետազոտությունները կօգնեն գլաուկոմայի և ցանցաթաղանթի այլ հիվանդությունների բուժման հարցում:
Նրանց կատարած հետազոտությունը ցույց է տվել, որ աչքի ցանցաթաղանթի նյարդահանգույցի բջիջները, որոնք պատասխանատու են ուղեղին տեսողական տեղեկատվության փոխանցման համար, կարելի է արտատպել շերտ առ շերտ՝ առանց որևէ վնասվածքի, ինչը նախկինում գրեթե անհնար էր համարվում:










