Ինդոնեզիայում հայտնաբերվել է հնագույն ցունամիների հետքերը կրող քարանձավ (լուսանկարներ)
Ինդոնեզիայի Սումատրա կղզու արևմտյան մասում հայտնաբերվել է մի քարանձավ, որի պատերը կրում են 7.500 տարվա ցունամիների հետքեր։ Գիտնականներն այն կարծիքին են, որ քարանձավն ուսումնասիրելու դեպքում դրա միջոցով կարելի է իմանալ, թե երբ տեղի կունենա հաջորդ խոշոր ցունամին։

Ինչպես նշում է Daily Mail-ը, քարանձավը գտնվում է այն վայրում, որտեղ 2004թ. դեկտեմբերի 26-ին տեղի է ունեցել 9.1 մագնիտուդ ուժգնությամբ ավերիչ երկրաշարժը, որին հետևել է ցունամի։

Քարանձավի ներսում եղած մնացորդների ու միկրոօրգանիզմների ուսումնասիրության արդյունքում մասնագետները պարզել են, որ նախքան 2004թ. ցունամին այդ տարածքում տեղի է ունեցել նման ուժգնությամբ ևս 11 ցունամի։ Ըստ գիտնականների՝ նախավերջին ցունամին տեղի է ունեցել 2.800 տարի առաջ։

Մասնագետները նշում են, որ մոտակա մի քանի տասնամյակների ընթացքում 2004թ. ցունամիի նման բնական աղետ Ինդոնեզիային չի սպառնում։











