Ստոկհոլմում գրող Աստրիդ Լինդգրենի բնակարանն այցելուների համար կբացվի 2015թ.
2015թ. այցելուների համար կբացվի մանկագիր Աստրիդ Լինդգրենի (1907-2002)՝ Ստոկհոլմում գտնվող բնակարանը։ Այն կանվանվի «գրողի բաց տուն», այլ ոչ «թանգարան»։ Այստեղ հնարավոր կլինի ծանոթանալ շվեդ հեքիաթագրի կյանքի այնպիսի կողմերի հետ, որոնց մասին մարդիկ ոչ մի պատկերացում չունեն։ Համենայն դեպս, նման հույս ունի Աստրիդ Լինդգրեն միության նախագահ Չել Բուլյունդը, գրում է ИТАР-ТАСС-ը։
«Բնակարանը կներկայացնի Լինդգրեն մարդուն, այլ ոչ գրողին և հասարակական գործչին»,- նշել է Բուլյունդը։
Կառլսոնի և Պեպի Երկարագուլպայի մասին գրքերի հեղինակի ճիշտ պատկերը կազմելու համար միության անդամները հանդիպել են բազմաթիվ մարդկանց հետ, ովքեր շատ լավ ճանաչել են հեղինակին։ Նրանց թվում են եղել՝ Լինդգրենի ստեղծագործությունների հրատարակիչը, մոտակա ռեստորանի աշխատակիցը, ով հաճախ օգնել է գրողին կենցաղային հարցերում, հավաքարարը, ով աշխատել է նրա մոտ 25 տարի։
«Նրանց պատմած Լինդգրենը եղել է ընտանիքին նվիրված մարդ։ Նա շատ համեստ է եղել, և բնակարանն էլ չի առանձնանում իր շքեղությամբ։ Այստեղ շատ են 50-ական թթ. կահույքը, արվեստի գործերը, որոնք նվիրել են ընկերները, դրանցից շատերը նա ստացել է իր գրքերի դիմաց»,- պատմել է Չել Բուլյունդը։










