Կառավարությունում դոկտորներն ու թեկնածուները շատ են, ԱԺ-ում՝ հատուկենտ
Tert.am-ը հավաքել և ի մի է բերել նախարարների և պատգամավորներին, որոնք ունեն թեկնածուի և դոկտորի գիտական աստիճաններ: Եվ այսպես. Կառավարությունում հիմնականում գիտությունների թեկնածուներ և դոկտորներ են, իսկ ԱԺ-ում՝ 131 պատգամավորներից ընդամենը մի քանիսն են թեկնածու կամ դոկտոր: Ըստ որում, նրանց մի ստվար հատված միայն հասուն տարիքում է ստացել բարձրագույն կրթություն:
Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյան – սոցիոլոգիական գիտությունների թեկնածու
ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյան –
մանկավարժական գիտությունների թեկնածու
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյան – 2000 թվականից , տնտեսագիտության թեկնածու է: Բազմաթիվ գիտական և հետազոտական աշխատությունների հեղինակ է: ՀՀ պետական կառավարման համակարգում արդյունավետ աշխատանքի համար ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով:
Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյան – Ունի բժշկական գիտությունների դոկտոր–պրոֆեսորի գիտական աստիճան: Ավելի քան 70 գիտական հոդվածների և 1 մենագրության հեղինակ է:
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյան – Ունի իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ Հեղինակել է տասնյակից ավելի գիտական հոդվածներ և ձեռնարկներ, մասնակցել է ՀՀ Սահմանադրության 2005 թվականի փոփոխությունների նախագծի մշակմանը, ՀՀ «Ընտրական օրենսգրքի», «Հանրաքվեի» մասին օրենքի, «Երևանում տեղական ինքնակառավարման մասին», «Հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» և մի շարք այլ օրենքների նախագծերի համահեղինակն է:
Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյան – Իրավաբանական գիտությունների դոկտոր է: 10 մենագրությունների, 3 միջազգային իրավական ակտերի ժողովածուների և 100-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ է:
Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյան – Ունի քաղաքական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Մերձավոր Արևելքի և միջազգային հարաբերությունների վերաբերյալ բազմաթիվ աշխատությունների հեղինակ է:
Ֆրանսիական Հանրապետության Պատվո լեգեոնի ասպետ է: Ունի Ժողովուրդների բարեկամության և Սուրբ Աթոռի Սուրբ Գրիգորի Մեծ Խաչի շքանշաններ, «Մխիթար Գոշ» մեդալ:
Բնապահպանության նախարար Արամ Հարությունյան – Կառավարության պաշտոնական կայքում տեղադրված նրա կենսագրության մեջ որևէ գիտական աստիճանի մասին նշված չէ:
Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյան – Կառավարության պաշտոնական կայքում տեղադրված նրա կենսագրության մեջ որևէ գիտական աստիճանի մասին նշված չէ:
Հիշեցնենք, սակայն, որ տեղեկացրել էինք, որ Սերգո Կարապետյանը «լոլիկի գծով» թեկնածուական թեզ է պաշտպանում, ավելի կոնկրետ՝ «լոլիկի տեղական և ներմուծված սորտերի և հիբրիդների ագրոկենսաբանական և քիմիկատեխնոլոգիական առանձնահատկությունները» թեմայով: Այս մասին Tert.am-ին հայտնել էին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մասնագիտական ագրոնոմիայի խորհրդից:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյան – Կառավարության կայքում որևէ գիտական աստիճանի մասին չի ասվում նաև Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանի գիտական կոչումների մասին, նշվում է, որ տնտեսագետ-մաթեմատիկոսի որակավորում ունեցող Վահրամ Ավանեսյանը
1983-1986 թթ. ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ասպիրանտուրան:
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյան – Արմեն Մովսիսյանը տնտեսական գիտությունների թեկնածու է:
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյան – Բժշկական գիտությունների թեկնածու է:
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյան – Կառավարության պաշտոնական կայքում տեղադրված նրա կենսագրության մեջ որևէ գիտական աստիճանի մասին նշված չէ: Միայն այն, որ բազմաթիվ գիտական, հրապարակախոսական, ստեղծագործական հոդվածների, մի շարք պարբերականների ու գրքերի նախագծերի, ինչպես նաև «Եվրոպայի գրողները Հայաստանի մասին» գրքի հեղինակ է:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան – Կառավարության պաշտոնական կայքում տեղադրված նրա կենսագրության մեջ որևէ գիտական աստիճանի մասին նշված չէ: Սեյրան Օհանյանն ավարտել է Բաքվի բարձրագույն զինվորական համազորային հրամանատարական ուսումնարանը։
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյան – ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ է, աշխարհի 43 ռեկորդների հեղինակ, Եվրոպայի 8-ակի և աշխարհի 9-ակի չեմպիոն, օլիմպիական խաղերի չեմպիոն Յուրի Վարդանյանը որևէ գիտական կոչում չունի: Սակայն Երևանի տնտեսա-իրավաբանական ինստիտուտի պրոֆեսոր է, ինչպես նաև Երևանի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի պատվավոր պրոֆեսոր է:
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյան – Իրավաբանական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր է: Հեղինակ է 6 գրքի և 40-ից ավելի գիտական աշխատանքների:
Քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյան – Գիտական աստիճան չունի, բայց չորս գիտական հոդվածի հեղինակ է:
Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյան – Տնտեսագիտական գիտությունների թեկնածու է:
Ազգային ժողովի 131 պատգմավորներից կառավարության հետ տոկոսային հարաբերակցությամբ գիտական կոչումներ ունեցողներն ավելի քիչ են: Ըստ որում, հատկանշական է, որ նրանց մի ստվար հատված բարձրագույն կրթություն ստացել է բավականին հասուն տարիքում:
Սամվել Լիմինդրի Ալեքսանյանն օրինակ 34 տարեկանում ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիան, «Երկրապահ կամավորականների» միության նախագահ Մանվել Գրիգորյանը հենց արցախյան պատերազմի տարիներին 1993 –ին ընդունվել է Ստեփանակերտի պետական համալսարանը, դրանից հինգ տարի անց ավարտել ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը: «Բարգավաճ Հայաստանից» Աբրահամ Մանուկյանը 37 տարեկանում ավարտել է Վարդանանց համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝ 41-ում Մոսկվայի բիզնեսի և իրավունքի ինստիտուտը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանն, առհասարակ, ունի միջին մասնագիտական կրթություն, ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը:
Իսկ օրինակ՝ Վարդան Օսկանյանը 1984թ.` Բոստոնի Թաֆտս համալսարանի ճարտարագիտական ֆակուլտետը: Ճարտարագետ-շինարար: 1992թ.՝ Բոստոնի Ֆլետչերի իրավագիտության և դիվանագիտության դպրոցը:
ԱԺ-ում գիտական աստիճան ունեն ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Կարեն Ավագյանը, Արա Բաբլոյանը (բժշկական գիտությունների դոտկոր, պրոֆեսոր), Հայկ Բաբուխանյանը (բանասիրական գիտությունների թեկնածու), Վահրամ Բաղդասարյանը (տեխնիկական գիտությունների թեկնածու, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր ), Սամվել Ֆարմանյանը (պատմական գիտությունների թեկնածու), Հերմինե Նաղդալյանը (տնտեսական գիտությունների թեկնածու), Էդուարդ Շարմազանովը (մանկավարժական գիտությունների թեկնածու ), Արտակ Զաքարյանը (քաղաքագիտական և տնտեսական գիտությունների թեկնածու), Հակոբ Հակոբյանը (տեխնիկական գիտությունների թեկնածու), Դավիթ Հարությունյանը (տեխնիկական գիտությունների թեկնածու), Արփինե Հովհաննիսյանը (իրավաբանական գիտությունների թեկնածու)։
«Հայ ազգային կոնգրես» խմբակցությունից Հրանտ Բագրատյանն ունի տնտեսագիտության դոկտորի, պրոֆեսորի կոչում։ Շարք շարունակում են Ստեփան Դեմիրճյանը (տեխնիկական գիտությունների թեկնածու), «Օրինաց երկրից» Հեղինե Բիշարյանը (մանկավարժական գիտությունների թեկնածու), Հովհաննես Մարգարյանը (գյուղատնտեսական գիտությունների թեկնածու), «Բարգավաճ Հայաստանից» Վահե Էնֆիաջյանը (տնտեսագիտության թեկնածու, դոցենտ), Միքայել Մելքումյան (տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր), «Ժառանգությունից» Ռուբիկ Հակոբյանը (քաղաքական գիտությունների թեկնածու ),« Հայ Յեղափոխական Դաշնակցությունից» Վահան Հովհաննիսյանը (պատմական գիտությունների թեկնածու), «Բարգավաճ Հայաստանից» Մելիք Մանուկյանը (տնտեսագիտության թեկնածու)։
Կան ԱԺ պատգամավորներ, որոնք թեև գիտական կոչումներ չունեն, սակայն ուսանել մի շարք հեղինակավոր ուսումնական հաստատություններում: Օրինակ՝ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը ավարտել է Մեծ Բրիտանիայի էսեքսի համալսարանը՝ միջազգային իրավունքի մագիստրոս որակավորմամբ, Լևոն Զուրաբյանը՝ ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի միջազգային հարաբերություններ և պետական կառավարում ֆակուլտետը՝ միջազգային հարաբերութունների մագիստրոսի որակավորմամբ։










