8 ժամ, 7 րոպե. ռուս տիեզերագնացները բաց տիեզերքում անցկացրած ժամանակի ռեկորդ են սահմանել
Ռուս տիեզերագնացներ Օլեգ Կոտովն ու Սերգեյ Ռյազանսկին «Օրլան ՄԿ» արտահագուստով բաց տիեզերքում են անցկացրել 8 ժամ և 7 րոպե՝ սահմանելով նոր ռեկորդ, հայտնում է Лента-ն՝ ԱՄՆ-ի ՆԱՍԱ օդատիեզերական գործակալությանը հղումով։
Նմանատիպ նախկին ռեկորդը սահմանվել է ընթացիկ տարվա օգոստոսին՝ կրկին ռուս տիեզերագնացների կողմից։ Այն ժամանակ Ֆյոդոր Յուրչիխինն ու Ալեքսանդր Միսուրկինը բաց տիեզերքում անցկացրել են 7 ժամ, 29 րոպե։
Բաց տիեզերքում գտնվելու ընթացքում Կոտովն ու Ռյազանսկին պետք է տեղադրեին կանադական UrtheCast ընկերության արտադրած տեսախցիկները։ Սակայն դրանց տեղադրումից հետո առաջացել են տեխնիկական խոտաններ, ինչի պատճառով տիեզերագնացները ստիպված են եղել ապամոնտաժել տեսախցիկներն ու վերադառնալ Միջազգային տիեզերակայան՝ սարքերը ստուգելու համար։










