Պատերազմի հայեցակարգը հնացել է այս փոխկապակցված աշխարհում. Դալայ լամա
Պատերազմի հայեցակարգը հնացել է, քանի որ աշխարհը դառնում է առավել փոխկապակցված, և ոչնչացնելով «հակառակորդին»՝ մենք անխուսափելիորեն ոչնչացնում ենք ինքներս մեզ։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Դալայ լաման։
Ըստ նրա՝ պատերազմները հազարամյակներ շարունակ եղել են մարդկության պատմության մի մասը։ «Պատերազմի հիմքում ընկած է մարդկանց զատելը մերոնց և օտարների, թյուր կարծիք, որ հաղթել հնարավոր է միայն հակառակորդին ոչնչացնելով։ Սակայն այսօր իրավիճակը փոխվել է, մեր աշխարհը դառնում է առավել փոխկապակցված, այդ իսկ պատճառով ոչնչացնելով մեր հակառակորդին՝ մենք անխուսափելիորեն ոչնչացնում ենք ինքներս մեզ»,-ասել է նա։
Ըստ նրա՝ ոչ թե բռնի ճանապարհով, այլ մարդկանց բարի կամքի վրա հիմնվելով, կրթության օգնությամբ մենք կարող ենք փոխել աշխարհը։ «Եթե մենք սկսենք հարգել հարևաններին և բոլոր այլ մարդկանց, ապա այլևս պատերազմ չի լինի։ Թեկուզ մենք ունենք տարբեր կրոնական հայացքներ, տարբեր գաղափարախոսություն, տարբեր պետական համակարգեր, մենք, միևնույն է, միջազգային հանրության մի մասն ենք։ Իսկ դա նշանակում է՝ պետք է սկսենք լրջորեն մտածել այլոց բարեկեցության մասին։ Եվ այդ ժամանակ պատերազմները տեղ չեն ունենա մեր կյանքում»,-ասել է հոգևոր առաջնորդը։










